Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ չի տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում

16:15 • 19.06.14

Գերմանիան չի տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում և պաշտպանում է դրա չեզոք կարգավիճակի գաղափարը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «Կուրիր» ավստրիական թերթին տված հարցազրույցում՝ Վիեննա իր այցի նախօրեին, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք, ինչպես և մեր ամերիկյան գործընկերները, մոտ ապագայում Ուկրաինային չենք տեսնում դաշինքի կազմում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արժե Կիևին միանալ արևմտյան ռազմական դաշինքին:

 

Գերմանիայի արտգործնախարարը նաև նշել է, որ նա ընդհանուր առմամբ պաշտպանում է Ուկրաինայի ռազմական չեզոքության գաղափարը՝ Եվրոպայի հետ դրա տնտեսական և մշակութային ինտեգրման պահպանման հետ մեկտեղ, ինչպես դա առաջարկել է իր ավստրիացի գործընկեր Սեբաստյան Կուրցը: «Ես կիսում եմ նրա կարծիքը»,- ընդգծել է Շտայնմայերը:

 

Գերմանիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ «ուկրաինացիների ցանկությունն՝ ինքնուրույն որոշել իրենց ապագան, մենք պաշտպանել ենք ամենասկզբից» և հիշեցրել, որ «Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հասկացնել է տվել, որ Եվրամիության հետ երկրի մերձեցումը գտնվում է իր քաղաքականության կենտրոնում»։