Ավետիք Իշխանյանը իրատեսական չի համարում այն, որ Հայաստանում ոստիկանը ինքնուրույն որոշումներ կայացնի
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրատեսական չի համարում, թե ոստիկանական համակարգում գոնե առաջիկա տասը տարվա ընթացքում կկարողանանք հասնել մի վիճակի, երբ շարքային ոստիկանն ինքը որոշումներ կայացնի:
Նշենք, որ Երևանում կազմակերպված միջազգային սեմինարի ընթացքում եվրոպացի փորձագետներն ասում էին, թե պետք է անցում կատարել մի իրավիճակի, երբ որոշում կայացնողները շարքային ոստիկաններն են: Նշվեց նաև, թե սա նշանակում է՝ ընդլայնել ոստիկանության իրավունքները և նրանց հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնել:
«Ես դա իրատեսական չեն համարում: Ինչու՞ եմ ասում՝ տասը տարի, որովհետև եթե այդ ուղղությամբ գնալու վեկտոր լինի, ապա գուցե տասը տարի հետո մենք հասնենք այդ իրավիճակին, այց ես առայժմ վեկտորը չեմ տեսնում, այդ ուղղությամբ գնալու ցանկությունը չեմ տեսնում»,-ասաց Ավետիք Իշխանյանը՝ ընդգծելով, թե այդ ցանկությունը չի տեսնում ո՛չ միայն իշխանությունների, այլև՝ հասարակական ցանկությունը ևս չկա:
«Բարձր մակարդակի վստահություն պետք է լինի ոստիկանության նկատմամբ, իսկ դա ապահովելու համար նախևառաջ՝ պետք է իշխանությունից տարանջատում, բացի այդ էլ՝ գերատեսչություններին ինքնուրույն գործելու հնարավորություն տալ է պետք»,-ասաց իրավապաշտպանը:
Քննադատելով երևույթը, որ Հայաստանում որևէ գերատեսչություն, այդ թվում նաև՝ մշակույթի, բնապահպանության նախարարությունները, նույնիսկ քաղաքապետարանը, որն առավել ինքնուրույն կառույց է, ինքնուրույն որոշումներ կայացնելու որևէ համարձակություն և հնարավորություն չունեն, Ավետիք Իշխանյանն ասաց, թե նույնը վերաբերում է ոստիկանությանը, որը միայն կատարում է իշխող ուժի հրամանը:
Նա նաև նշեց, թե վստահության պակաս կա ոստիկանության նկատմամբ, և որպես օրինակ բերեց ընտրությունների փաստը, ընդգծելով, թե երբ ընտրատեղամասերում խախտումներ են կատարվում, նույնիսկ՝ ոստիկաններն են «անօգնական» կանգնում:










