ԱԺ-ն կարող է վերահսկողություն իրականացնել ոստիկանության նկատմամբ՝ արտերկրի օրինակով. միջազգային սեմինար Երևանում
Երևանում անցկացվող «Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, թե խորհրդարանական արդյունավետ վերահսկողության և ոստիկանության հաշվետվության արդյունքում հնարավոր կլինի համատեղ արդյունավետ աշխատել:
«Սա հնարավորություն է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև համատեղ համագործակցության. վերջին տարիներին նշված կառույցների միջև համագործակցությունն ավելի ակտիվացել է»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
Միջոցառմանը մասնակից՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի «Նորանկախ երկրների ծրագրի» ղեկավար Իդեն Քոլն ասաց, թե Ժնևի կենտրոնը Հայաստանի ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի հետ արդեն երկու տարի է՝ սերտ համագործակցում է:
«Բնականաբար, խորհրդարանը կարող է ձևավորել և կառուցել համապատասխան կառույցը և վերահսկողությունը և համատեղ շահավետ աշխատել»,-ասաց նա:
Միացյալ Թագավորության օրինակը բերելով` Իդեն Քոլն ասաց, թե խորհրդարանականներն ակտիվորեն ներգրավված են ոստիկանության աշխատանքներում:
«Բնականոն է, որ ոստիկանության գործողությունները մանրազնին ուսումնասիրության ենթարկվեն: Եթե խորհրդարանը լավ է աշխատում վերահսկողության իմաստով, հնարավոր է՝ ոստիկանությունում առկա ճգնաժամերը վերացվեն»,-իր խոսքում ասաց Իդեն Քոլը՝ շարունակելով, թե սովորաբար երկրները մեծ մասամբ կենտրոնանում են պաշտպանության համակարգի բարեփոխման վրա. նրանք կարծում են, թե դա է կարևոր և նաև հեշտ, բայց ոստիկանություն համակարգում բարեփոխումները նույնպես շատ կարևոր են:










