Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են բոլորովին նոր հարաբերություններ կառուցել. կարծիքներ

21:34 • 19.06.14

Վերջին 15 օրում արձանագրվում են սկզբում ռուս, ապա՝ ադրբեջանցի նախարարների կողմից ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վերաբերյալ շեշտադրումներ, այնինչ նախկինում երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասով օգտագործվում էին «խորը», «համապարփակ» և այլ ածականներ:

Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Լրիվ նոր հարաբերություններ են փորձում կառուցել Ռուսաստանն ու Ադրբեջանը, ավելի շուտ՝ Ռուսաստանը և բնական է, այն պայմաններով, որոնք Ռուսաստանի համար են ձեռնտու: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն արդեն իսկ լավագույն զենքեր է ստանում, և դա հենց այնպես չէ: Եվ հենց այնպես չէ, Ադրբեջանն ինչ-որ ձևով պետք է փոխի իր դիրքորոշումը (Եվրասիական տնտեսական միությանը չանդամակցելու): Երևի, գոնե այդպիսի հույս Ռուսաստանն ունի, և տեսնում եմ, որ բավականին լուրջ է»,-նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը խոսել էր ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների մասին:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը համաձայն չէ, որ «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերություն» բառակապակցությունը վերջին շրջանում առաջին անգամ է լսվում, քանի որ, նրա հիշեցմամբ, երբ 2008թ. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Բաքու, այնտեղ ստորագրվեց ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր: Իհարկե, այն, ըստ Ստյոպա Սաֆարյանի, իր կարգավիճակով ավելի ցածր է, քան հայ-ռուսական համաձայնագիրը, բայց վերլուծաբանը ևս ընդգծեց հատկապես այն փաստ, որ 2013թ. աշնանը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ հյուրընկալող երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկու երկրները ռազմավարական գործընկերներ են:

«Այդ ժամանակվանից Ռուսաստանը սկսեց օգտագործել, և Ադրբեջանն էլ՝ շեշտել այս բառերը: Իհարկե, վերջին մեկ տարվա ընթացքում է այս մասին խոսվում, այստեղ իրավացի եք, բայց նոր չէ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը և ընդգծեց, որ այս համատեքստում առայժմ օգտագործվում է ոչ թե «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերություն» բառակապակցությունը, այլ որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը նախկինում էլ հայտարարել է, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, և որ նույնը տեղի կունենա նաև Եվրասիական տնտեսական միության դեպքում։

Իսկ Լավրովի՝ Ադրբեջան այցի նախօրեին փորձագետները համոզմունք էին հայտնում, որ այցի հիմնական նպատակն է համոզել Ադրբեջանին՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը, չնայած Էլմար Մամեդյարովն այս կապակցությամբ հայտարարել է, որ Եվրասիական միությանը միանալու պաշտոնական առաջարկ Ադրբեջանը չի ստացել։

Ստյոպա Սաֆարյանը ևս վստահ է, որ Ռուսաստանն անում է քայլեր, որպեսզի Ադրբեջանը թակի իր դուռը: «Եվրասիական տնտեսական տարածքի դուռը. ինչքան էլ Լավրովն ասում է, որ ոչ մեկը պաշտոնապես չի հրավիրվել, այնուամենայնիվ, ցանկալի կլինի, որ Բաքուն դառնա այդ միության անդամ: Եվ նաև խոսում է բազմաշերտ ու բազմաբովանդակ համագործակցության մասին՝ սպասելով, որ Ադրբեջանը կվերանայի իր մերժումները, որ նա մի քանի շաբաթ առաջ փոխանցել էր ռուսաստանցի նախարարներից մեկին»:

Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբ՝ Լավրովը Ադրբեջանին փորձում է ղարաբաղյան խնդրի հետ կապված հանգստացնել, որ Հայաստանի անդամակցության հետ կապված իր պահանջները բավարարված են (որ Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ինչի մասին նշվել էր Ալիևի՝ Նազարբաևի կողմից ընթերցված նամակում) և ակնարկում, որ Հայաստանը հիմնադիր անդամ չէ, և Բաքուն նույնպես կարող է միանալ ու անհանգստանալու խնդիր չունի:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Ռուսաստանը սրա դիմաց սպասում է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումներին սատար կկանգնի ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում և առաջին հերթին՝ Ուկրաինայի հետ կապված, ինչպես նաև Իրաքի ու Սիրիայի հարցերում:

«Այս առումով Լավրովն ուղղակի ակնհայտորեն ասել է թե՛ Մամեդյարովին, թե՛ Ալիևին և, ի դեպ, նույն բանը պետք է սպասել Լավրովի հայաստանյան այցից»,-մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:

Նա կարծում է, որ դրա դիմաց Ռուսաստանը խոստացել է աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այսինքն՝ բացվում է «տորգի» հեռանկար. եթե Ադրբեջանը սատարում է ՌԴ-ին վերը նշված հարցերով, ապա, ինչպես իրենք են նշել, «Ռուսաստանն իրենց կօգնի առաջ շարժվել այդ մեռյալ կետից և փոխելու անընդունելի ստատուս քվոն»: Սրանք, հիշեցնենք, որ Մամեդյարովի խոսքերն են:

Ամփոփելով՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի համար կա ռիսկ, որ այս ամենի արդյունքում կարող է աշխատել «աջակցություն՝ աջակցության դիմաց» բանաձևը: «Եվրասիական միության հետ կապված այդ գայթակղությունները չափազանց տեսանելի են»,-ասաց վերլուծաբանը:

«Գայթակղությո՞ւն: Էն որ Ռուսաստանը զինո՞ւմ է»,- Մանվել Սարգսյանը չբացառեց, որ վերջին շրջանում Ադրբեջանում էլ սկսեն մտածել, որ միգուցե իրենց համար ձեռնտու է ԵՏՄ մտնելը:

Բայց կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ լուծման հետ կապված, նրա մեկնաբանությամբ, Ռուսաստանն այնքան էլ համաձայն չէ: «Երեկ մենք տեսանք, որ Լավրովն այդ հարցը փակեց՝ ասելով, որ դա ուրիշ հարց է»,- նշեց քաղաքագետը:

Նա չի համարում, որ Ղարաբաղը կարող է լինել այն «ռեսուրսը», որը Ռուսաստանը կարող է օգտագործել՝ այն պարզ պատճառով, որ դա այն հաղթաթուղթն է, որը օգտագործվում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա ճնշումների համար:

«Հետո հո անպայման չէ, որ միայն գայթակղեն, կարող են նաև պրոբլեմներ ստեղծել Ադրբեջանի համար, որ նա ընդունի իրենց առաջարկները: Ինչպես մտրակ և բլիթ, էլի»,-ասաց Մանվել Սարգսյանը: