Մեկնարկել է «Հայոց պատմության» միասնական քննությունը. մինչ քննությունը դիմորդներից մեկը Ա. Աշոտյանի հետ ցանկացավ «սելֆի» անել
Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում մեկնարկել է «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը: Քննության մասնակցելու հայտ ներկայացրած 241 դիմորդներից 15-ն այսօր բացակա էին:
Քննական կենտրոն էր այցելել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մինչ քննությունը կսկսվեր, նախարարը զրուցեց դիմորդների հետ, որոնք կարծես այնքան էլ հուզված չէին և կատակում էին նախարարի հետ: Մասնավորապես, նրանցից մի տղա մոտեցավ նախարարին և խնդրեց միասին քննությունից առաջ «սելֆի» անել։
«Քննությունից hետո կգաս նախարարություն անպայման կանենք, հիմա նստի ու կենտրոնացի քննության վրա»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը։
Երիտասարդներից մի քանիսն էլ ցանկություն հայտնեցին ապագայում դառնալ կրթության և գիտության նախարար:
Դիմորդներից մեկից նախարարը հետաքրքրվեց՝ արդյոք մինչ օրս հանձնած քննական թեստերից գո՞հ է, արդյոք նախարարության քայլերում որևէ դիտավորություն տեսե՞լ է, ինչին աղջիկը պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է ընթացել, որոշ բարդություններ եղել են, բայց դիտավորություններ՝ ոչ»:
Այսօր քննություն էր հանձնում նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններով դիմորդ, որից նախարարը հետաքրքրվեց, թե արդյոք իր համար ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները: «Ամեն ինչ նորմալ է, հայերենիս քննությունը միայն լավ չեմ հանձնել, ցածր եմ ստացել, պետք է վերահանձնեմ»,- ասաց նա:
Քննական թեստերի ծրարները դիմորդներից մի քանիսը կտրեցին նախարարի հետ, որից հետո քննական կենտրոնում սկսվեց բուն քննությունը:
Նախարար Արմեն Աշոտյանը դպրոցի բակում զրուցեց դիմորդների ծնողների հետ: «Վեց տարի է ես միշտ մտնում դուրս եմ գալիս քննական կենտրոններ, այնպես որ ոտքս խերով է, հանգիստ եղեք: Շատ լավ էրեխեք ունեք, ժպտերես, կատակում էին, լավ էին տրամադրված»,- ասաց նա:
Ծնողներից մեկը հեգնանքով նշեց, թե դիմորդները «գոհ» էին շտեմարաններից, ինչին նախարարը պատասխանեց, թե չի տեսել մի աշակերտ, որ շտեմարաններից գոհ լինի, բայց ընդգծեց, որ թեստերից չեն դժգոհել:
Հավաքվածներից Տիգրանուհի Ղազարյանը հորդորեց Արմեն Աշոտյանին, որ դպրոցական դասագրքերը հաճախ փոփոխությունների չենթարկեն, որպեսզի աշակերտների գիտելիքները կայուն լինեն:










