«Սպայկան» այս տարի կեռաս ու ծիրան չի մթերել ու չի արտահանում

20:06 • 20.06.14

Թարմ մրգի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը, որը «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր, այս տարի և՛ կեռաս, և՛ ծիրան չի արտահանել: Հետևաբար՝ մրգի վաճառքով զբաղվողների «հիմնավորումները», թե ծիրանն ու կեռասը թանկանում են, որովհետև արտահանվում են, իրականությանը չի համապատասխանում:

 

Այս մասին Tert.am-ին ասաց «Սպայկա» ընկերության պրոյեկտ-մենեջեր Կարեն Բաղդասարյանը՝ նկատելով. «Դե՝ ո՞նց թանկացնեն իրենց ապրանքը, «Սպայկայով» պետք է թանկացնեն»:


Նշենք, որ օրինակ՝ «Ֆեյսբուքի» օգտատեր, լրագրող Աիդա Մեսրոպյանը Facebook –ի իր էջում գրել էր.«Խանութում մի տղամարդ վաճառողին հարցնում է. «Ախպեր, էս գիլասն էժանացել էր, ինչի՞ թանկացրիք»: Պատասխան` «Ավելիա թանկանալու. Լարսը բացվել ա, սաղ գիլասը տանում են Ռուսաստան: Ծիրանն էլ չի էժանանալու, որովհետև էլի տանում են»:
 


«Ծիրանը Հայաստանում շատ սուղ է, և մենք չենք կարող շուկայից կիլոգրամը 1500 դրամով մթերել , հո ոսկի չէ՞»,-ասաց ընկերության ներկայացուցիչը՝ մանրամասնելով, որ չեն էլ փորձել ֆերմերների հետ բանակցել՝ տեղեկանալով մթերվող գնի մասին:

 

 

Ի դեպ, գյուղփոխնախարարը ժամանակին Tert.am -ին ասել էր, որ չնայած այս տարվա ծիրանը քիչ է, բայց կարտահանվի, քանի որ այլ շուկաներում հաստատված կապերն ավելի կարևոր են, քան այսրոպեական շահերը:


Կարեն Բաղդասարյանը, սակայն, նկատեց, որ կապերը՝ կապեր, բայց ոչ մի ընկերություն չի կարող իրեն թույլ տալ այդ գնով մթերված միրգ արտահանել:


Այնպես որ՝ «Սպայկան» այս տարի արտահանում է կարտոֆիլ: