Տուրչինովը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու օպերացիայի ավարտի մասին

12:55 • 20.06.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական սահմանի փակման օպերացիան ավարտված է։

 

«Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր զինված ուժերի ստորաբաժանումները Լուգանսկի շրջանում մոտեցել են Իզվարինո բնակավայրին՝ դրանով իսկ վերջ դնելով սահմանի փակման գործընթացին»,-մեջբերում է Газета-ն պաշտոնյայի խոսքերը։

 

Այս շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել էր, որ ուկրաինացի ուժայիններն ու սահմանապահներն առաջիկա օրերին իրենց հսկողության տակ կառնեն Ռուսաստանի հետ արևելյան սահմանը՝ այնտեղ ստեղծելով բուֆերային գոտի։

 

Ուկրաինայի նախարարների կաբինետին խորհուրդ էր տրվել Ռուսաստանի հետ սահմանի միակողմանի սահմանազատում իրականացնել, իսկ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել էր, որ սահմանի վերահսկումը պարտադիր նախապայման է երկրի հարավ-արևելյան հատվածում կրակը դադարեցնելու համար։