Հրաչը անմեղ մեղավոր է ու նրա դատը կարծես քաղաքականացվեց. քույր՝ Սեդա Հարությունյան
ՌԴ Պոդոլսկի մոտակայքում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանի դատը, կարծես, քաղաքականացվում է: Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա քույրը՝ Սեդա Հարությունյանը՝ անդրադառնալով նրա կալանքը չերկարաձգելու մասին դատարանի որոշմանը։
«Ստացվում է, որ քաղաքական երանգ ստացավ, որովհետև նրա դատը շատ երկարացրեցին: Ու ես չեմ հասկանում, թե ինչու»,– ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե ինչ հիմնավորումներ ունի՝ ասելով, որ երկարաձգում են, Սեդա Հարությունյանն ասաց.«Ի՞ նչ կա բացահայտելու, որ այդքան երկարացնում են … մարդը պարզ բացահայտ ասել է, որ անմեղ մեղավոր է (նկատի ունի, որ նա խոստովանել է իր մեղքը, որի պատճառը դժբախտ պատահարն է – Tert.am), վերջացնեն, այդ մարդն էլ խաղաղվի, հասկանա՝ ինչ կատարվեց: Ընդամե՛նը դա»:
Սեդա Հարությունյանը պատմեց, որ երեկ երեկոյան խոսել է եղբոր հետ, որն այս դատարավարության երկարացման պատճառով ընկճված վիճակում է:
«Սենց ո՞նց կլինի, մեղադրանքը ո՞րն է, ինչո՞ւ են էսքան ձգձգում, մանավանդ որ ոչ խմած է եղել ... մեքենան էլ իրենը չի եղել: Մի տարի է՝ տուժող կողմ են խոսեցնում: Մեկը ես, որ տուժող կողմ լինեմ, եթե ես ներկա չեմ եղել, ի՞նչ պիտի ասեմ»,- նշեց Հրաչի քույրը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է կայացրել չերկարաձգել «Հրաչյա Հարությունյանի կալանքը, իսկ նախագահությունը խախտումներ է հայտնաբերել Տվերի դատարանի վճռում, որը կայացվել էր 2013 թվականի դեկտեմբերի 13-ին, և նյութերն ուղարկվել են վերանայման:










