ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Արցախում է
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է հայկական երկու պետություների դատախազությունների համագործակցությունը, մեկ միասնական նպատակի շուրջ` օրինականության երաշխավորում և արդարության հաստատում: Գևորգ Կոստանյանը ՀՀ դատախազության հիսուն հոգանոց պատվիրակության այցը Արցախ կարևորել է նաև այն առումով, որ դատախազները, ում կայացրած որոշումները կարող են ազդեցություն ունենալ զինած ուժերում տեղի ունեցող հանցագործությունների բացահայտման վրա, անձամբ հնարավորություն ունենան լինելու պաշտպանական դիրքերում, իրավիճակն առավել ամբողջական գնահատելու նպատակով:
ԼՂՀ Նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համատեղ նիստը: Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես պետական շահերի պաշտպանության, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Գևրորգ Կոստանյանը հուշանվեր է հանձնել ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին:











