2013 թվականին փախստականների թիվը հասել է 50 միլիոնի. ՄԱԿ
Պատերազմների և հետապնդումների պատճառով բնակության վայրը փոխած մարդկանց թիվն անցած տարի գերազանցել է 50 միլիոնը: Այդ մասին հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Մոտ 17 միլիոն մարդ փախել է իրենց երկրներից, 33 միլիոնից ավելի մարդ թաքնվում է սահմանների ներսում: Շատերը տարիներով ապրում են ճամբարներում:
ՄԱԿ-ում նշել են, որ փախստականների թվի ռեկորդային ցուցանիշները վառ օրինակն են այն գնի, որը ստիպված են վճարել կոնֆլիկտը կանխարգելելու անկարողության համար: Կազմակերպությունում նաև ընդգծել են, որ բարեկեցիկ երկրները պետք է ավելի շատ փախստական ընդունեն:
Ցուցանիշի աճի հիմնական պատճառը Սիրիայում շարունակվող պատերազմն է: Դրա հետ միասին փախստականների ընդհանուր թվի վրա ազդել են նոր կոնֆլիկտները՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Սուդանում:










