Ռումինիայում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է նախագահի հարազատ եղբայրը
Ռումինիայում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է նախագահ Տրայան Բասեսկուի հարազատ եղբայրը:
«Միրչա Բասեսկուն ձերբակալվել է քրեական հեղինակություն Սանդու Անգելի նկատմամբ բարենպաստ դատական վճիռ կայացնելու նպատակով դատավորների կաշառելու մասին քրեական գործի շրջանակներում»,- լրագրողներին հայտնել են Ազգային հակակոռուպցիոն վարչությունից, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այնտեղ հստակեցրել են, որ նրա ձերբակալության մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին տեղական ԶԼՄ-ները գաղտնի տեսախցիկի միջոցով արված տեսանյութ են հրապարակել, որտեղ Ռումինիայի նախագահի եղբայրը խոստանում է վարձատրության դիմաց նպաստել սպանության համար դատապարտված Անգել մականունով «օրենքով գողի» ազատ արձակմանը: Ինչպես վկայում է տեսանյութը, նա պատրաստվում էր դրա համար օգտագործել երկրի նախագահի ազդեցությունը Ռումինիայի Բարձրագույն դատական վճռաբեկ պալատի նախագահի վրա:
Նախագահի եղբոր հետ գործարքի փաստը հաստատել են Անգելը և նրա բարեկամները:
Սկանդալը կայծակնային զարգացում է ստացել. Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հայտարարել է, որ նախագահը «որպես եվրոպական երկրի ղեկավար նման իրավիճակում պետք է հրաժարական տա»: Նա զգուշացրել է, որ եթե սկանդալին պետության ղեկավարի ներգրավվածության փաստերն ապացուցվեն, ապա իշխող կոալիցիայի պատգամավորները խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց կսկսեն:
Տրայան Բասեսկուն հրաժարվել է հրաժարական տալ: Նա հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ընդգծել է, որ «երբեք եղբոր հետ չի քննարկել Անգելի դատավարության հետ կապված հարցերը»։










