Սիրիայի արևմուտքում ահաբեկչության զոհ է դարձել 34 մարդ
Սիրիայի արևմտյան Համա նահանգում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով 34 մարդ է մահացել, գրում է Reuters-ը:
Տեղական ԶԼՄ-ների համաձայն՝ ահաբեկչության համար պատասխանատու են Բաշար ալ Ասադի կառավարության դեմ կռվող զինված ընդդիմության ներկայացուցիչները: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 50 վիրավորներից շատերը ծանր վիճակում են:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հստակեցնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հուրա գյուղում: Իրավապաշտպանների տվյալներով՝ պայթյունի զոհ է դարձել 37 մարդ:
Զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև կոնֆլիկտը Սիրիայում շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 130 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։










