Անզեն աչքով երևում է, թե ինչպես է նվազում Արփի լիճը. Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող

21:47 • 21.06.14

Անկախ տարվա ջրառատությունից՝ վերջին տարիներին, հատկապես՝ ամռան ամիսներին Արփի լճի մակարդակը էականորեն նվազում է: Tert.am-ի հետ զրույցում լճի խնդիրներին անդրադարձավ Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը և նշեց, որ հիմնական պատճառը Արփի լճից սկիզբ առնող Ախուրյան գետի վրա կառուցված մի քանի փոքր ՀԷԿ-երն են:

 

«Պատճառն այն է, որ ՀԷԿ-երը նորմայից ավել են ջուր վերցնում, քանի որ ՀԷԿ-ը ինչքան շատ ջուր օգտագործեց, այնքան շատ փող կստանա: Այստեղից էլ առաջանում են բոլոր խնդիրները: Այդ պայմաններից է, որ մենք արդեն մի քանի տարի է՝ ունենք կիսադատարկ լիճ: Մայիսին խայտառակ վիճակ էր լճում, հիմա մի քիչ անձրևներ եկան, ու լճի մակարդակը որոշակի կանոնակարգվեց, բայց առաջիկա երկու ամիսներին նորից նույն խնդիրն է առաջանալու»,-ասաց նա:

 


Գևորգ Պետրոսյանը նշեց, որ պատկան մարմինները լճի մակարդակի իջեցումը բացատրում են ընդհանուր առմամբ՝ ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաև՝ ոռոգման նպատակով օգտագործելու անհրաժեշտությամբ:
«Այսինքն՝ ինչպես Սևանի դեպքում են բացատրում, այնպես էլ՝ Արփիի: Միայն ափերին նայելով՝ ակնհայտ երևում է, թե ինչպես է լիճը նվազել»,-ասաց նա:

 


Գևորգ Պետրոսյանը նաև անդրադարձավ լճի ձկնային պաշարներին և նշեց, որ դեռևս 20-25 տարի առաջ լճում հաշվարկված էր շուրջ 9 ձկնատեսակ, այսօր տեսակներից շատերին տարածքի բնակիչները տարիներ ի վեր չն հանդիպում:
«Ես ներկայում վերլուծություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ որոշ տեսակներ գրեթե վերացած են: Երբ կառուցում են ՀԷԿ-երը, չեն պահպանում նորմերը, ձկների անցուղիները փակում են: Փաստացի փակել են ձկների ճանապարհը, և եթե նույնիսկ՝ ջուր էլ կա անցուղիներում, ՀԷԿ-երն այնպես են կառուցված, որ ձկները դրանք օգտագործել չեն կարող»,-ասաց նա: