Նյու Յորքը 40 մլն դոլար փոխհատուցում կվճարի անմեղ դատապարտվածներին

10:48 • 21.06.14

Նյու Յորքի իշխանությունները 40 մլն դոլար կվճարեն 5 քաղաքացու, ովքեր անարդարացիորեն դատապարտվել են ազատազրկման ու տարիներ շարունակ անցկացրել ճաղերի հետևում։

 

Ինչպես նշում է Интерфакс-ը, 5 սևամորթ մարդիկ դատապարտվել էին 1989թ.՝ Նյու Յորքի Կենտրոնական այգում դաժան բռնաբարության համար։ 28-ամյա կինը ծեծի էր ենթարկվել, բռնաբարվել, իսկ հետո այդ վիճակում մնացել թփերի մեջ ընկած՝ մահվան մատնված։ Հետագայում ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր եղել են 14-16 տարեկան։

 

Չնայած որ եղած ապացույցները վկայել են, որ նրանք բռնաբարության պահին մեկ այլ վայրում են գտնվել, այնուհանդերձ դատարանը նրանց դատապարտել է ազատազրկման։ Սակայն 2002թ. սերիական բռնաբարիչ Մատիաս Ռեյեսը խոստովանել է, որ ինքն է գործել հանցանքն ու այդ մասին տեղեկացրել է ոստիկաններին:

 

Դրանից հետո դատապարտվածներին ազատ են արձակել։ Այժմ նրանցից ամեն մեկը հավակնում է մեկական միլիոն դոլար ստանալ անազատության մեջ անցկացրած ամեն տարվա համար։