Քառյակը շրջանառության մեջ կդնի ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության օրինագիծ՝ բացառելու անօրինական քվեարկությունները. Ա. Մինասյան

13:26 • 21.06.14

Քառյակը մտադիր է շրջանառության մեջ դնել ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության օրինագիծ. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Համաձայն որի, անհրաժեշտ իրավական հիմք կստեղծվի բացառելու անօրինական քվեարկությունները՝ մեկը մյուսի փոխարեն կամ կրկնակի քվեարկությունները»,- ասաց նա։


Արծվիկ Մինասյանը նշեց, որ քառյակն այսօր հանդես կգա մամուլի ասուլիսով և կներկայացնի իր դժգոհությունները: ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծն ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ: Այս օրենքի ընդունումը համարում ենք անօրինական, իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ի օրենսդրության համաձայն, առ ոչինչ կամ իրավական ուժ չունեցող իրավական ակտի կիրառումը կառաջացնի քրեական պատասխանատվություն»,- ասաց նա։


Խոսելով ՀՀԿ պատգամավորների պահվածքից Մինասյանն ասաց, թե ինքը որևէ քաղաքական ուժի վիրավորելու խնդիր չունի։ «Բայց երբ չափն անցնում են, այդ թվում նաև իշխող մեծամասնության խմբակցության ղեկավարը, ինձ համար զարմանալի է, և ես կարծում եմ, որ եթե այդպիսին է իշխող մեծամասնության ղեկավարը, դե պատկերացրեք մեր երկրի վիճակը ինչ կլինի»:


Հարցին, թե հնարավոր է կրկին դիմեն Սահմանադրական դատարան և պահանջեն, որպեսզի «Կուտակայինի» նոր օրենքը հակասահմանադրական ճանաչվի Մինասյանը նշեց. «Մենք քննարկում ենք, չի բացառվում, բայց հստակ պատասխան մենք չունենք, համենայն դեպս դեմ արտահայտվող պատգամավորները հակված են, որ նոր օրենքի մեխանիզմը չգործի»։