Մեծ Բրիտանիայում հայրը հրաժարվել է որդիներից, որոնք «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» անդամ են

13:09 • 21.06.14

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ահմադ Մութհանան, տեղեկանալով, որ իր որդիներն անդամակցում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտարարել է, որ հրաժարվում է նրանցից և այլևս չի ուզում տեսնել նրանց։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ուրբաթ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ АК-47 ինքնաձիգներով զինված երիտասարդները կոչ են անում աշխարհի տարբեր երկրների մուսուլմաններին մեկնել Սիրիա և Իրաք՝ համալրելու զինյալների շարքերը։

 

Զինյալներից մեկը Կարդիֆի համալսարանի նախկին ուսանող է։ Տեսանյութում նա իր 17-ամյա եղբոր հետ կոչ է անում բոլոր համերկրացի բրիտանացիներին «արձագանքել կոչին» և «կռվել՝ հանուն Ալլահի»։

 

Ահմադ Մութհանան հավելել է, որ եթե իր որդիները ողջ վերադառնան Մեծ Բրիտանիա, ապա ինքը կցանկանար, որ նրանք բանտում հայտնվեին։

 

Նրա ավագ որդին գերազանցությամբ ավարտել է Cathays High School-ը և ընդունվել է Կարդիֆի համալսարանին կից բժշկական քոլեջ։ Սակայն, ինչպես նշում են ընտանիքի անդամները, նա երկիրը լքել է 8 ամիս առաջ։
 

«Ես շատ տխուր եմ։ Չգիտեմ, թե ինչպես է Նասերը հայտնվել այնտեղ։ Երբ նա զանգեց և խոսեց կրտսեր եղբոր հետ, ես պարզեցի, որ նա Թուրքիայում է գտնվում»,- հաղորդել է Ահմադը։

 

Նա նշել է, որ որդին նոյեմբերին է մեկնել, և ինքը նրա մասին ոչինչ չի լսել՝ մինչև այդ տեսանյութի հայտնվելը։

«Ես մտածում էին, որ նա ամուսնացել է և չի վերադառնալու։ Ես չէի կարող մտածել, որ նա ջիհադի է մասնակցում»,- հավելել է Նասերի հայրը։