Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությունը բացարձակ պրովոկացիոն փորձ է. Հ. Նաղդալյան

20:48 • 21.06.14

Հունիսի 23-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը ենթադրում է լինել բավական բուռն, Ադրբեջանը ստանձնելու է ԵԽ ԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, ինչի կապակցությամբ նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթը: Այս և վերջին շրջանում Ադրբեջանի շուրջ ԵԽ ԽՎ-ում ծավալվող մի շարք իրադարձությունների մասին Tert.am-ը զրուցեց ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

 

-Տիկի´ն Նաղդալյան, եկող շաբաթ ԵԽ ԽՎ-ում Դուք կստանձնեք հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, բայց պետք է ասել, որ բավական փորձություններով աշխատանքային սկիզբ է սպասվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այս տարի ստանձնելու է ԵԽ ԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, հետևաբար մտավախություն կա, որ այդ երկրի ղեկավարությունը ամեն կերպ կօգտագործի այդ ամբիոնը՝ իր երկրի շահերին ծառայեցնելու համար: Առավել ևս, որ մինչ նստաշրջանը, հարևան պետությունն արդեն անցել է իրեն բնորոշ սադրիչ դիրքավորմանը, նկատի ունեմ վերջերս Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստի ընթացքում հրահրած խարդավանքները, ինչպես նաև՝ ադրբեջանական պատվիրակության կողմից ԵԽ ԽՎ քարտուղարությանը ներկայացրած՝ Ելհան Սուլեյմանովի հեղինակած բանաձևի նախագիծը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի:
Ձեր դիտարկումները:

 


- Պետք է ասեմ, որ սա ադրբեջանական պատվիրակության կողմից բացարձակ պրովոկացիոն փորձ է: Խորապես հասկանալով, թե ամբողջ Եվրոպայի կողմից իրենց ուղղված ինչպիսի գնահատականներ կան, հիշեցնենք, որ ամբողջ եվրոպական մամուլը հեղեղված է Ադրբեջանում ժողովրդավարության խախտումների, անօրինականությունների, անհանդուրժողականության մթնոլորտի արձանագրություններով, ինչպես նաև՝ հենց Բաքվում տեղի ունեցած նիստի ժամանակ ԵԽԽՎ-ն Ադրբեջանին խիստ քննադատության արժանացրեց մարդու իրավունքների հետընթացի, հասկարակական կազմակերպությունների աշխատանքի ծանր պայմանների, իրավապաշտպանների ձերբակալման և այլ առիթներով: Ուրեմն՝ գիտակցելով այս իրավիճակը, օգտագործում են մի տակտիկական հնարք, որպեսզի Ադրբեջանում խոսքի, մամուլի, հիմնարար ազատությունների այդ աղաղակող ոտնահարումների փաստից ուշադրությունը շեղեն այլ ուղղությամբ: Հայասատանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկում մտահոգիչ է ո´չ այնքան բուն առաջարկը, որքան Ադրբեջանի շարունակական փորձերը՝ ԵԽ ԽՎ հարթակը օգտագործելու որպես հակահայկական քարոզչության ամբիոն, թեև այդ ամենը բարձրաձայնվում է ո´չ միայն ԵԽ ԽՎ-ի, այլև՝ միջազգային այլ խորհրդարանական վեհաժողովներում կամ միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերում: Բոլորովին վերջերս մենք տեղեկացանք նաև Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ձևաչափում իրենց պահվածքի մասին, և պետք է ասել, որ սա հենց նույն քաղաքականության դրսևորումն է: Իրենց հաջողվել է բավական մեծ թվով՝ շուրջ 5 տասնյակից ավելի պատգամավորների ստորագրություն հավաքել, և դա իսկապես մտահոգիչ է, թեև ես կարծում եմ, որ ո´չ միայն եվրոպացի մեր գործընկերների սթափ և ողջամիտ պահվածքը կարող է մեզ համար կռվան լինել, այլ նաև՝ այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է: Այն առաջին հերթին՝ չի տեղավորվում տրամաբանության որևէ շրջանակներում, որովհետև այն ակնարկը, որն իրենք անում են՝ համեմատական անցկացնելով Ռուսաստանի և Ղրիմի իրողության հետ, բացարձակ անտեղի է մեր դեպքում: Երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանը 2001 թ-ին անդամակցել են Եվրոպայի խորհրդին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հիմնական իրադարձություններից շուրջ 7-8 տարի անց՝ ստանձնելով երկուստեք պարտավորություններ՝ աջակցելու կոնֆլիկտի կարգավորման գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության, երկրի ժողովրդավարացման, օրենքի գերակայության, ուղղությամբ: Բացահայտ է մեկ բան՝ նախապես ստանձնած իր հանձնառությունների ճանապարհին Ադրբեջանն այսօր ետ է շարժվում, ոչ թե առաջ, իսկ ինչ վերաբերում է կոնֆլիկտի կարգավորմանը, ապա միանշանակ է, որ նման բանաձևը էականորեն վտանգելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափում ընթացող բանակցային գործընթացը, հետևաբար այլ կերպ, քան սադրանք որակել սա՝ անհնար է: 

 

-Ի՞նչ եք կարծում, երկուշաբթի մեկնարկելիք ԵԽ ԽՎ նստաշրջանում ադրբեջանական կեղծ քարոզչությունը և նավթադոլլարները եղանակ կստեղծե՞ն, և արդյո՞ք բավարար կարելի է համարել ԵԽ ԽՎ-ի կողմից արդեն կիրառված սանկցիան՝ Ադրբեջանում երկու տարի չանցկացնել ԵԽ ԽՎ հանձնաժողովների , կոմիտեների և ենթահանձնաժողովների նիստերը, որի առիթը Ադրբեջանի կողմից ԵԽ ԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքենին persona non grata հայտարարելն էր, ինչ է թե՝ վերջինս «հանդգնել էր» այցելել Ղարաբաղ:

 


- Ադրբեջանը ԵԽ ԽՎ նախարարների խորհրդում ստանձնում է նախագահությունը՝ մարդու իրավունքների բացարձակ հետընթացի, հակաժողովրդավարական քայլերի միջավայրում, որի ամենացցուն արտահայտումը Եվրոպայի խորհրդի Բյուրոյի նիստը Բաքվում անցկացնելու ընթացքում ԵԽ ԽՎ նախագահի տեղակալ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի մուտքը Ադրբեջան արգելելու նախադեպն էր, ինչը բացառիկ երևույթ է: ԵԽ ԽՎ-ի պատմության ընթացքում, կարծում եմ, նման բան չի եղել: Սա բացարձակ աննախադեպ իրողություն է հատկապես՝ նախարարների խորհրդում ղեկավարություն ստանձնած երկրի դեպքում: Եվրոպայի Խորհրդի «Արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին Գլխավոր Համաձայնագիրը»  13-րդ հոդվածում սահմանում է, որ ոչ մի վարչական կամ այլ սահմանափակում չի կարող կիրառվել Խորհրդակցական Վեհաժողովի ներկայացուցիչների կամ նրանց փոխարինողների աշխատանքային գործուղումների ընթացքում նրանց ազատ տեղաշարժի վրա: Երկու տարի առաջ Ադրբեջանը նույն կերպ լկտիաբար արգելեց Գերմանիայի այն ժամանակվա պատվիրակության ղեկավար Շտրասերի մուտքը երկիր, ով Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով համազեկուցողն էր, և սա արդեն երկրորդ դեպքն է: Կարծում եմ, որ այստեղ ԵԽ ԽՎ-ի կողմից կիրառված ստանդարտ պատժամիջոցը՝ երկու տարի արգելել տվյալ երկրում ԵԽ ԽՎ Բյուրոյի և հանձնաժողովների նիստերի անցկացումը, բավականին մեղմ է, որովհետև, օրինակ, 2013 թվականին այդ նույնը կիրառվել է Վրաստանի նկատմամբ, բայց այսպիսի նախադեպ, երբ դա տեղի ունենա նախագահող երկրի կողմից, Բյուրոյի նիստի ժամանակ և խոչընդոտի Բյուրոյի անդամի մասնակցությունը նիստին, արդեն լուրջ նախադեպ է և արժանի է ավելի խիստ վերաբերմունքի: Ես նաև, որպես նախկինում ԵԽ ԽՎ ռեգլամենտի հարցերի հանձնաժողովի անդամ, կարծում եմ, որ խնդիրը արժանի է ռեգլամենտի հանձնաժողովում քննարկումների և առաջարկությունների, քանզի ընդամենը 3-4 տարվա ընթացքում երկու անգամ նման երևույթ արձանագրելը արդեն վկայում է եվրոպական արժեքների և սկզբունքների նկատմամբ շատ լուրջ արհամարհանքի մասին:
ԵԽ ԽՎ պատմության մեջ աննախադեպ է նաև այն երևույթը, երբ նախագահող երկիրը փորձում է օգտագործել նախագահողի հանգամանքը ո´չ թե իր երկրի, իր հասարակության զարգացման խնդիրների լուծման հեռանկարների համար, ինչպես դա եղավ Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների դեպքում, այլ՝ իր հակառակորդի հետ հաշիվներ մաքրելու կամ նրա նկատմամբ առավելություն ձեռք բերելու ուղղությամբ: Կարծում եմ, որ այս հանգամանքները անպայմանորեն նկատվելու և գնահատվելու են եվրոպացի խորհրդականների կողմից: