Ոստիկանության զորքերին նոր վարչական շենք հանձնվեց. նրանք այսուհետ պետք է գործեն ավելի պրոֆեսիոնալ (լուսանկարներ)

13:02 • 21.06.14

ՀՀ ոստիկանության զորքերն արդեն ունեն նոր վարչական շենք, որը գտնվում է Դավիթաշեն համայնքում: Ինչպես այսօր Ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրը շենքի բացման առիթով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նոր շենքը հնարավորություն կտա ոստիկաններին ավելի լավ աշխատել ու բարձրացնել ոստիկանների պրոֆեսիոնալիզմը:


Նա նաև ընդգծեց, որ շենքի հիմնանորոգումը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի ծրագրի շրջանակում է իրականացվել. «Ստեղծել բարվոք պայմաններ ոստիկանական զորքերի համար, նորոգել եղածը, ձեռք բերել նորը»:


«Այստեղ ոստիկանները ավելի շուտ մասնագիտական ձեռքբերումներ կունենան, որովհետև մի քիչ մոտեցումները փոխվել են: Նորմալ մարդկային աշխատանքային պայմաններ, որոնք նախկին շենքում բացակայում էին: Սկզբից մարդու համար պետք է ստեղծես պայմաններ, հետո պահանջես: Ես այսօր ոստիկանական զորքերի աշխատանքը բավարար եմ գնահատում: Իհարկե, դժգոհելու շատ բան ունեմ, բայց եթե դրանով առաջնորդվենք ոչինչ չի ստացվի, պետք է խրախուսենք լավը»,- ասաց նա և ընդգծեց, որ համառ աշխատանքի դեպքում կունենան այն ոստիկանությունը, որին ձգտում են:


Դիտարկմանը, թե այսօր ոստիկանական զորքերը հասարակության շրջանում ասոցացվում են քաղաքացիական բողոքի ակցիաները «ցրելու» միջոց, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Վատ է, որ ասոցացվում է ակցիաներ ցրելու գաղափարի հետ: Ոստիկանության զորքերը նաև արտաքին ծառայություն են իրականացնում: Երևանում դուք տեսնում եք մի քիչ համազգեստը տարբերվող ոստիկանների, որոնք մեր պահակապարեկային ծառայության հետ և հրեշտակների հետ շրջում են քաղաքում և վերահսկողություն իրականացնում: Իսկ ձեր ասած միջոցառումների ժամանակ նրանք պետք է գործեն պրոֆեսիոնալ՝ առանց զոհերի ու մարմնական վնասվածքների»:


Նշենք, որ շենքի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց շենքով, ծանոթացավ նոր պայմաններին ու արված աշխատանքին:


Ոստիկանության զորքերի ծառայության պետ, գնդապետ Աշոտ Նալբանդյան լրագրողներին տեղեկացրեց, որ վարչական շենքն ունի ժամանակակից ու կահավորված աշխատասենյակներ: Ստեղված են բոլոր պայմանները ոստիկանների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար:


Նշենք, նաև Ոստիկանական զորքերին տրամադրվել է նաև նոր տեխնիկա՝ ջրցան տարբեր տեսակի մեքենաներ և այլն: