Էկվադորի նախագահը ծիծաղելի բյուրոկրատական գործընթացների մրցույթ է հայտարարել

14:47 • 22.06.14

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ հայտարարել է, որ այն էկվադորցին, ով ցույց կտա իշխանություններին պետական համակարգում ամենաաբսուրդ բյուրոկրատական մեխանիզմը, կստանա հատուկ մրցանակ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով էկվադորական El Diario ամսագրին:


Նախագահի խոսքով՝ երկրի իշխանությունները սկսում են նոր ծրագիր, որը պետք է պետական կազմակերպություններում վերացնի աբսուրդային և անտրամաբանական բյուրոկրատական մեխանիզմները: «Մենք սկսում ենք պայքար ավելի արդյունավետ պետականության համար, այն բանի համար, որ մեզ չտանջեն անիմաստ բաներով, որոնք հաճախ աբսուրդային են լինում»,- ասել է Կոերան՝ հավելելով, որ ինքը նույնպես բազմիցս տանջվել է բյուրոկրատիայի պատճառով: Նրա խոսքով՝ երկրի յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա հատուկ ստեղծված վեբ-կայքի միջոցով հայտնել «աբսուրդային բյուրոկրատական մեխանիզմների մասին»:


Ռաֆայել Կոերան նաև հավելել է, որ յուրաքանչյուր շաբաթ օր երկրի իշխանությունները կհայտնեն առնվազն՝ մեկ բյուրոկրատական պահանջի վերացման մասին: Բացի այդ ՝ կառավարությունն աստիճանաբար կտեղափոխի բոլոր անհրաժեշտ բյուրոկրատական գործընթացները համացանց, որպեսզի քաղաքացիները դա կարողանան անել տան համակարգչի միջոցով: