Սնոուդենը քաջության համար մրցանակ է ստացել

13:32 • 22.06.14

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շաբաթ օրը՝ հունիսի 21-ին, մրցանակ է ստացել «Հումանիստական միություն» հասարակական կազմակերպությունից: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Suedwestrundfunk (SWR) հեռարձակող կորպորացիային: Փախուստի մեջ գտնվող հետախույզն արժանացել է խորհրդանշական մրցանակի քաղաքացիական քաջության համար: Մրցանակը նրան շնորհել են  ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների՝ լրտեսման մասին գաղտնի տեղեկությունները հրապարակելու համար:


Կազմակերպության ղեկավար Վերներ Կեպ–Քերստինը անցկացրել է Ռից Բաուերի անվան մրցանակաբաշխության արարողությունը Ռաշտատ քաղաքում: «Էդվարդ Սնոուդենը բացառիկ բարոյական քաջություն է ցուցաբերել հատուկ ծառայությունների կողմից անօրինական լրատեսման պրակտիկան բացահայտելու գործում»,- հայտարարել է նա:


2013 թվականի հունիսին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն սկսել է հրապարակել գաղտնի փաստաթղթեր, որոնցում հաղորդվում էր, որ Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլև՝ օտարերկրյա քաղաքական գործիչներին և դիվանագետներին: