Հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը

15:47 • 22.06.14

Քիչ առաջ Tert.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից տեղեկացավ, որ 56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը: 

 

ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը ծնվել է 1958թ. մարտի 5-ին՝ Երևանում:

 

1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

1974-1976թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 1978-1985թթ.` «Ռելե» գործարանում` կարգավորող վարպետ: 1985թ. հիմնադրել է «Երամ» սննդի կոոպերատիվը: 1991-1996թթ. աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում` որպես գլխավոր ինժեներ: 1996թ. հիմնադրել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն և զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 2002թ. հիմնադրել է «Տոնուս» ծածկերի բարձրացման մեթոդով մասնագիտացված շինարարական ՍՊԸ-ն, որը 2006 թվականից նաև «Ռոբերտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Զբաղեցնում է «Տոնուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:


2006թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ:

 

2006թ. հայ-ուկրաինական սպորտային կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Ուկրաինայի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է հուշամեդալով, իսկ Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով: 2007թ. Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ասպետների միջազգային միության կողմից` ասպետի կոչում: Շնորհվել է նաև Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:


ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի և «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահ, «WPKA» քիքբոքսինգի աշխարհի ֆեդերացիայի կազմխորհրդի և «Inernational Police-Motor Corporations» միջազգային կազմակերպության անդամ, «Սոզվեզդիա» միջազգային գիտական, մշակութային, սպորտային կազմակերպության խորհրդի անդամ:

 

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից: