Մեզ ԵԽ ԽՎ-ում ձայնից զրկելու ադրբեջանական ապուշության տակ ստորագրածներն այդ երկրի լոբբիստներն են.Ն. Զոհրաբյան
Անդրադառանալով ԵԽ ԽՎ Նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնած Ադրբեջանի պատվիրակության նամակին՝ Հայաստանի նկատմամբ, որպես ագրեսորի, սանկցիաներ կիրառելու մասին, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մշտական կազմի անդամ, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը Tert.am -ի հետ զրույցում նշեց.«Միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ նախաձեռնությունը ԵԽ ԽՎ –ում որևէ ընթացք չի ստանալու»:
Ինչ վերաբերում է 58 պատգամավորին, ովքեր, նրա խոսքով՝ «ստորագրել են ադրբեջանական ապուշության տակ», պատգամավորը նշեց՝ ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ Ադրբեջանի լոբբիստներն են:
-Տիկի՛ն Զոհրաբյան, Ադրբեջանը ԵԽ ԽՎ 58 պատգամավորի ստորագրությամբ ԵԽ ԽՎ քարտուղարություն է հանձնել բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ, և մասնավորապես, հունիսյան նստաշրջանից՝ երկուշաբթի օրվանից, դադարեցնել հայկական պատվիրակության լիազորությունները: ԵԽ ԽՎ-ին ուղղված նամակում բերված են իբր՝ հիմնավորումներ Հայաստանի ագրեսոր լինելու մասին, թե՝ «ինչու Ռուսատանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառել՝ Ղրիմի հետ կապված, ինչու Ռուսաստանի պատվիրակությանը զրկում են ձայնի իրավունքից, Հայաստանին՝ ոչ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ընթացակարգ կստանա հարցը, և ովքե՞ր են, ի վերջո, այն 58 պատգամավորը, ովքեր ստորագրել են Ադրբեջանի նախաձեռության տակ:
- Ես, ընդհանրապես, խորհուրդ կտայի Ադրբեջանի այդ նախաձեռնությունն այդքան չկարևորել, որովհետև սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում նման տխմարգույն նախաձեռնություններով է հանդես գալիս: Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանն արդեն ապրիլին, մինչև ԵԽ ԽՎ-ի Նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնելը, արդեն հայտարարել էր, որ հունիսյան նստաշրջանում բարձրացնելու է հայկական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը: Ինչ վերաբերում է այդ 58 պատգամավորին, ովքեր ստորագրել են ադրբեջանական ապուշության տակ, ապա ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ Ադրբեջանի լոբբիստներն են: Միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ նախաձեռնությունը որևէ ընթացք ԵԽ ԽՎ-ում չի ստանալու:
-Իսկ, այդուհանդերձ, ըստ կանոնակարգի՝ հարցը ի՞նչ ընթացակարգեր պիտի անցնի՝ հաստատվելու կամ մերժվելու համար:
- Յուրաքանչյուր նստաշրջանի սկզբի առաջին օրը, այսինքն՝ երկուշաբթի, ամսի 23-ին, վերահաստատվում են ազգային պատվիրակությունների լիազորությունները: Կարծում եմ՝ այդ 58 պատգամավորից 10-ը և ավելին ոտքի կկանգնի և կհայտարարի, որ վիճարկում է Հայաստանի պատվիրակության լիազորությունների հարցը, իսկ դա նշանակում է, որ այդ հարցն ավտոմատ կերպով արդեն կտեղափոխվի ԵԽ ԽՎ կանոնադրական հանձնաժողով: Բնականաբար, հայկական պատվիրակությունը կշարունակի իր բնականոն աշխատանքը, և նստաշրջանի ընթացքում, ենթադրաբար՝չորեքշաբթի կամ հինգշաբթի, կանոնադրական հանձնաժողովն այդ խնդրին կանդրադառնա, և ես 100 տոկոսանոց վստահությամբ ասում եմ, որ ԵԽ ԽՎ-ն իր սթափ բանականությունը և սթափ տրամաբանությունը չի կորցրել: Այսինքն՝ ադրբեջանական այդ նախաձեռնությունը կմերժվի:
-Ինչու՞ է Ադրբեջանը նման նախաձեռնությամբ հանդես գալիս հիմա:
-Նախ՝ Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու իր թեզը միջազգային բոլոր հարթակներում, իսկ այս փուլում և հատկապես՝ հիմա, երբ Ադրբեջանը ստանձնել է ԵԽ ԽՎ Նախարարների խորհրդի նախագահությունը, ընտրել է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տարբերակը: Ակնհայտ է, որ երեքշաբթի՝ ամսի 24-ին, երբ Ստրասբուրգում ելույթ կունենա Ադրբեջանի նախագահը, նրան բազմաթիվ հարցեր են ուղղվելու եվրոպացի պատգամավորների կողմից՝ Ադրբեջանում տիրող հակաժովրդավարական իրավիճակի՝ 40 –ից ավելի ազատազրկված լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ, եթե, իհարկե, ընդդիմություն Ադրբեջանում կարող է գոյություն ունենալ: Եվ որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղվի Ադրբեջանում տիրող իրավիճակից, Ադրբեջանը հերթական անգամ օգտագործում է իր այս «տրյուկը» ՝ հերթական անգամ փորձելով շրջանառության մեջ դնել Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու անհրաժեշտոթյունը: Տարիներ ի վեր ԵԽ ԽՎ-ում ավանդույթ կա՝ երկիրը, որը ստանձնում է Նախարարների կոմիտեի նախագահությունը, իր զինանշանով, դրոշով տարբեր գովազդային վահանակներ է տեղադրում Ստրասբուրգում: Անգամ ԵԽ ԽՎ տրամվայն այդ երկրի դրոշով և զինանշանով է լինում, բայց Ստրասբուրգի քաղաքապետարանը Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակի պատճառով ի նշան բողոքի՝ հրաժարվել է Ադրբեջանի պետական ատրիբուտներով որևէ գովազդային վահանակ տեղադրել:










