Կառավարությունը ո´չ թե կուտակայինի խնդիրները լուծեց, այլ`գնաց դրանց մասնատման ճանապարհով. ակտիվիստ
«ԴԵՄ ԵՄ» շարժման անդամ Տիգրան Արեգունին, Tert.am-ի հետ զրույցում խոսելով կուտակային վճարի փոխարեն նպատակային սոցիալական վճար սահմանելու` Կառավարության որոշման մասին, որն ԱԺ մեծամասնությունը որպես օրինագիծ ընդունեց, նշեց, թե դրանով Կառավարությունը ո´չ թե խնդիրները լուծեց, այլ` գնաց խնդիրները մասնատելու ճանապարհով և մարդկանց հանդարտեցնելու փորձ արեց։
«Իրականությունը պետք է ընդունենք և խոստովանեք, որ որոշակի չափով դա նրան հաջողվեց, բայց դա չի նշանակում, որ շարժումը պետք է ձեռքերը ծալած նստի այսքան աշխատանքից հետո»,-նշեց նա։
Թեև նախաձեռնությունն ըստ նրա` դեռ չի որոշել իր հետագա անելիքները, բայց անձամբ ակտիվիստի գնահատմամբ՝ չպետք է սպասել մինչև աշուն, այլ պետք է մաքսիմալ ուժեր հավաքագրել ու ճիշտ ուղղությամբ գնալ։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից բերվող հակափաստարկին, որ պետական սեկտորի աշխատակիցներին պարտադրում են, փոխարենը` ավելացնելով նրանց աշխատավարձը, ակտիվիստը հակադարձում է, թե աշխատավարձի բարձրացման նպատակը մարդկանց սոցիալական վիճակը բարելավելն էր այս գնաճի ներքո, ոչ թե կուտակային վճարելը։
- Կառավարության առաջարկը, որն արդեն օրենքի ուժ է ստացել` նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանելով նպատակային սոցիալական վճար, գոնե` Ձեզ համար, որպես մասնավոր սեկտորի աշխատող, հարցի լուծո՞ւմ է։
-Փորձը ցույց տվեց, որ Կառավարությունը ո´չ թե խնդիրները լուծեց, այլ` գնաց խնդիրները մասնատելու ճանապարհով և մարդկանց հանդարտեցնելու փորձ արեց։ Իրականությունը պետք է ընդունենք և խոստովանենք, որ որոշակի չափով դա նրան հաջողվեց, բայց դա չի նշանակում, որ շարժումը պետք է ձեռքերը ծալած նստի այսքան աշխատանքից հետո։ Այն, ինչ ընդունել են, դուք կարդացե՞լ եք, ուղղակի ծիծաղելի է, լուրջ նախապատրաստական աշխատանքներ պետք է տարվեր, հենց դրա համար էլ ՍԴ-ն մինչև սեպտեմբեր ժամանակ էր տվել ո´չ թե մարդկանց գումարները կորզելու համար, այլ` այդ նախագծի վրա լուրջ աշխատելու։ Իսկ իրենք մի ամսվա մեջ շըփ-թըփ արեցին ու առաջ քաշեցին այն խայտառակ տաբերակը, ինչ կա, ու զոռբայությամբ ընդունեցին... դա ինչի՞ նման է, դա անհարգալից վերբերմունք է ո´չ միայն Սահմանդրության, այլև` ժողովրդի նկատմամբ։
-Կարելի՞ է ենթադրել, որ նախաձեռնությունը բողոքի ակցիաների նոր փուլ կսկսի։
-Դեռ մտածում ենք` ինչ անել, վերջնական որոշում չունենք, բայց որ նոր ակցիաներ ենք անելու, դա մինշանակ է։
-Քառյակից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե նախագիծն ընդունելու համար ամռանը ժամկետ գտան, որպեսզի ակցիաներ իրականացնելը դժվարանա, դուք նման նախադրյալ տեսնու՞մ եք։
-Այդ մտավախությունը, իհարկե, կա, առմանը դժվար է որոշ չափով, բայց իմ կարծիքով` չարժի մինչև աշուն հետաձգել, չգիտեմ, դեռ պետք է որոշենք։
-Իսկ Սահմանադրական դատարանում հարցը զուգահեռ վիճարկելու համար որոշում ունե՞ք, քանի որ ՀՅԴ-ի անունից Արծվիկ Մինասյանը դա չբացառեց։
-Ճիշտն ասած` այս ամենը քննարկման փուլում է, ես ամբողջ թիմի կարծիքը չեմ կարող ասել։ Իմ անունից ասեմ, որ Սահմանադրական դատարան դիմելն, իհարկե, լավ է և արժի, բայց իմ կարծիքով` մարդիկ հիասթափվեցին ՍԴ-ի որոշումից ու որոշման հետագա ճակատագրից այն առումով, որ որոշումը ընդունվեց, բայց տրորվեց փաստացի իշխանությունների կողմից, և հիմա ինչքանով մարդիկ պատրաստ կլինեն դուրս գալու փողոց և ՍԴ վճռին տեր կանգնել` շատ դժվար է կանխատեսել։
-ԱԺ-ում նախագծի ընդունմանը զուգահեռ նախաձեռնությունը իրեն հատուկ բուռն ակցիաներ չանցկացրեց, ո՞րն է խնդիրը, հատկապես, որ խոսում են նախաձեռնության ներսում ծագած խնդիրների մասին, պառակտման հարց կա՞։
-Ո´չ, նման բան չկա, ուղղակի մարդիկ մի տեսակ անորոշ վիճակի մեջ են, թե այս որոշման արդյունքում ինչ կարելի է անել, որպեսզի մաքսիմալ ուժեր հավաքագրել ու ճիշտ ուղղությամբ գնալ։ Ընդամենը այդ խնդիրն է։
-Դուք չե՞ք կարծում, որ ըննդիմության կանխատեսումներն իրականանում են, երբ ասում էին, որ Կառավարությունն այս նախագծով հանրահավաքներին վերջ դնելու լուծում է գտել` մասնավոր սեկտորին երեք տարի ազատելով գանձումներից։
-Կոնկրետ ակտիվ նախաձեռնության մասով չեմ կարծում, որ նման բան կա, բայց, բնականաբար, որոշ տոկոսով ազդեցութուն կունենաայն այն մարդկանց վրա, որոնք զուտ ակցիաներին են մասնակցել։ Նրանք դուրս էին եկել, քանի որ այդ պահին նրանցից գումարներ էր պահվում։ Այդ մարդիկ, բնականաբար, կպասիվանան, բայց այն մարդիկ, ովքեր ոչ միայն գումարների համար էին դուրս եկել, այլև` իրավունքների համար, չեն պասիվանա։ Ընդհանուր քանակից որոշ մասի պասիվացում հնարավոր է` նկատենք, բայց դա չի նշանակում, որ ԴԵՄ ԵՄ-ը բավարարվում է նոր նախագծով։ Նույն մասնավոր աշխատողների հարցն էլ դեռ չի լուծվել, ինչքան էլ ասեն, թե երեք տարի հետո, նախորդն ընդունվել էր 2010թ-ին, իսկ սկսեցին 2014թ-ին պայքարել, շատերի համար այդ օրենքը հայտնի չէր, օրինակ` անձամբ ես 2013թ-ին օգոստոս-սեպտեմբերին նոր իմացա, որ նման օրենք կա, բայց այս պարագայում մարդիկ հստակ գիտեն, որ օրենքը գործելու է 2017թ-ից։
-Իսկ ի՞նչ եք կարծում, պետական աշխատողները դուրս կգա՞ն փողոց, ի վերջո` հիմնական պահումները նրանց հաշվից է կատարվելու։
-Մասսայաբար, իհա´րկե, դուրս չեն գա, բայց կան պետական սեկտորում խիզախ մարդիկ, ովքեր դուրս են գալիս ու առաջին օրից էլ շարժման մեջ են եղել։ Որ մասսայաբար դուրս չեն գա, դա շատ վատ է, բայց մեր խնդիրն է` աշխատել նաև այդ ուղղությամբ, որովհետև ամեն մի ակցիայից հետո մեկ երկու հոգու միանալն արդեն բավական լուրջ առաջընթաց է՝ հասկանալի պատճառով։ Փաստորեն իրենց ճնշումները սրանով օրինականացրեցին և հետո, երբ անընդհատ կրկնում են, թե աշխատավարձ են բարձրացնում կամ չգիտեմ` էլ ինչ, պետք է հասկանան, որ նախ` աշխատավարձը համաչափ չի բարձրանում, երկրորդը՝ աշխատավարձն ի սկզբանե հայտարարվել էր, որ պետք է բարձրանա՝ նպատակ ունենալով մարդկանց սոցիալական վիճակը բարելավել, ո´չ թե կուտակայինի փոխարեն աշխատավարձը բարձրացնել։ 2003թ-ին է վերջին անգամ պետական սեկտորի աշխատավարձը բարձրացվել, իսկ այս տարիների ընթացքում ինչքա՞ն գնաճ է տեղի ունեցել։ Այն ժամանակ էլ էր դեռ քիչ, հիմա ընդհանրապես քիչ է, այսինքն՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար է:
-Այսքանից հետո իշխանությունները «ԴԵՄ ԵՄ»-ից անհանգստանալու առիթ ունե՞ն, ինչ-որ ուժ ներկայացնու՞մ է իրենից այս նախաձեռնությունը։
-Մոտակա ժամանակները ցույց կտա՝ ուժ ներկայացնու՞մ է, թե՞ ոչ, կախված է նրանից, թե ինչ կորոշենք և ինչպիսի աջակցություն կստանանք ժողովրդի, հասարկութայն կողմից։ Եթե հասարակությանը կոպիտ ասած` բավարարեց այս որոշումը, և մենք ինչ-որ ակցիա փորձեցիքն կազմակերպել, ու փողոց քիչ մարդիկ դուրս եկան, բնականաբար` հասկանալի կլինի, որ հանրային պահանջը անկում է ապրել այս հարցի նկատմամբ, բայց «ԴԵՄ ԵՄ»-ը` որպես նախաձեռնություն, այսիքն անհատները` որպես պայքարող մարդիկ, բնական է, որ պայքարը շարունակելու են հզոր Հայաստան պետություն ունենալու համար ու շատ այլ նախաձեռնություններում կլինեն և տարբեր խնդիրներ կվերհանեն ու կպայքարեն դրանց համար։ Ես սա անձամբ իմ անունից ասում եմ, ու շատերը այդպես էլ մտածում են։










