Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը թույլ է զգում. նա վաղը բուժզննության կենթարկվի
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանին վաղը կրկին հիվանդանոց կտեղափոխեն, քանի որ թույլ է զգում, բացի այդ բերանն է ուռել. այս մասին Tert.am-ին ասաց Արսեն Խոջոյանի մայրը` Սվետա Խոջոյանը:
«Մի քիչ թույլ է զգում, պետք է հիվանդանոց պառկի։ Բերանն ուռել է, մեկ էլ մեջքի ու ոտքերի ցավերը չի կտրվում, դեղերը չի ազդում»,-նշեց նա։
Հարցին, թե նա պառկա՞ծ վիճակում է, մայրը նշեց, որ ոչ, շարունակում է նախիր պահել։ «Բայց զանգեցին ու ասեցին, որ հիվանդ ա, չի կարում պահի, պետքա թողնի էլի»,-ասաց նա։
Հարցին, թե իրենք են դիմե՞լ բժշկին, մայրը պատասխանեց, թե բժշկի հետ մշտական կապի մեջ են. «Ասելա կբերեք, պայմանավորվել ենք, որ տանենք, առողջական վիճակը կտրուկ չի վատացել, ուղղակի շարունակվում է նույն ցավերն ունենալ»,-նշեց մայրը։
Առողջապահության նախարարության մամուլի բաժնից Tert.am-ին ասացին, որ բժշկական քաղաքականության վարչության մասնագետները պարբերաբար կապ են հաստատում Արսեն Խոջոյանի հետ՝ առողջական վիճակի մասին տեղեկություն իմանալու համար և վիճակը նախարարության անմիջական վերահսկողության տակ է։ Ըստ նրանց, վաղը հերթական ստուգումն անցնելու նպատակով նա կենթարկվի բուժզննության։










