Աշտարակում խմելու ջրից ստացած աղիքային ինֆեկցիայով 3 մարդ է հոսպիտալացվել
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության աշխատակիցները, որոնք մեկնել էին Աշտարակ պարզելու, թե ինչ ջուր է հոսում Պռոշյան 24 թաղամասի ծորակներից, տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում Պռոշյան փողոցի թիվ 24 շենքում 3 հիվանդ էին հայտնաբերել աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ և տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Հիվանդների մոտ նկատվել է գլխացավ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց ու հաճախակի լուծ, և նշանակվել է համապատասխան բուժում:
Նրանց վիճակը գնահատվել է բավարար , հիվանդության ընթացքը՝ թեթև:
Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր, արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Հիշեցնենք, որ հաղորդվել էր, թե թաղամասի բնակարաններում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր: «Արդեն 3 օր է, ինչ ծորակը բացում ենք և ամբողջ տունը գարշահոտ է լցվում, իսկ ջրի գույնը տեսնելով միայն վախենալ կարելի է, էլ ուր մնաց՝ խմենք, կամ էլ օգտագործենք»,- դժգոհել էին բնակիչները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական պատճառը խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վթարն է, ինչի հետևանքով խմելու ջրի նկատմամբ ևս սահմանվել է հսկողություն և բնակիչներին առաջարկվել է ժամանակավորապես դադարեցնել հոսող խմելու ջրի օգտագործումը կենցաղում՝ մինչ վթարի վերացումը:










