Թոնի Բլեերը Սադամ Հուսեյնի տապալումը չի կապում Իրաքի վերջին դեպքերի հետ. Financial Times
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը Սադամ Հուսեյնի տապալումը չի համարում Իրաքում նոր ճգնաժամի պատճառ. այդ մասին գործիչը գրել է The Financial Times-ում հրապարակված հոդվածում, փոխանցում է gazeta.ru-ն։
Բրիտանիայի նախկին վարչապետը ենթադրում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը վերստեղծվել և իր գործունեությունն Իրաքում վերականգնել է սիրիական ճգնաժամի «քաոսի» հետևանքով։ Բլեերի խոսքով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը նման խմբավորումներին թույլ է տվել ոտքի կանգնել։ «Արևմտյան երկրների չմիջամտելը հետևանքներ ունեցող որոշում էր»,- վստահ է գործիչը։
Բացի այդ, Բլեերը կարծում է, որ չի կարելի վերլուծել Մերձավոր Արևելքի ներկա վիճակն առանց արաբական հեղափոխությունների ազդեցությունն ուսումնասիրելու։ «Տարօրինակ կլիներ կարծել, թե հեղափոխությունը չէր հասնի Իրաք»,-ասել է նախկին վարչապետը։
Նրա խոսքով՝ առկա մարտահրավերների պատճառները 2003թ.-ին (Սադամ Հուսեյնի տապալումը) կամ 2014թ.-ին ընդունված որոշումները չեն։ «Դա իսլամական ծայրահեղականության մարտահրավերն է։ Այն գլոբալ է, և մենք դրանից խուսափել չենք կարող»,-հավելել է նա։
Գործիչը եզրափակում է՝ գրելով, որ ծայրահեղականներին չեն աջակցում մուսուլմանների մեծամասնությունը, ինչի մասին վկայում են Իրաքում և Աֆղանստանում կայացած վերջին ընտրությունները։ «Այդ մարդիկ ցանկանում են ազատ լինել՝ ազատ միապետներից և ազատ ահաբեկչությունից։ Նրանց հաջողությունը մեր շահերից է բխում»,-ասել է Բրիտանիայի նախկին վարչապետը։
Ավելի վաղ Բլեերը հայտարարել էր, որ Իրաքում անկարգությունների պատճառն արևմտյան երկրների անընդունակությունն է՝ միջամտելու սիրիական հակամարտությանը։ Բրիտանիայի նախկին վարչապետը ժխտել էր, որ երկրում խնդիրների պատճառը 2003թ.-ին Իրաք ներխուժումն էր։










