Դետրոյթի ակտիվիստները դիմել են ՄԱԿ՝ քաղաքի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար

14:00 • 23.06.14

Հասարակական ակտիվիստները մարդու իրավունքների խախտման համար մեղադրել են ամերիկյան Դետրոյթ քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցներին, որոնք սպառնում են անջատել մոտ 3.000 բնակչի ջրամատակարարումը։ Ակտիվիստները դիմել են ՄԱԿ՝ խնդրելով պարզել իրավիճակը, գրում է Russia Today-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին:

 

Detroit Free Press-ի տվյալներով՝ քաղաքում ջրամատակարարման միջին ամսական գումարը 75 դոլար է, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը միջինը 40 դոլար է: Անցած շաբաթ կոմունալ ծառայությունները հայտնել են, որ պատրաստվում են բարձրացնել գինը գրեթե 9 տոկոսով:

 

«ԱՄՆ-ն միջազգային պարտավորոթյուններ է ստանձնել մարդու հիմնարար իրավունքներից մեկն ապահովելու հարցում, այն է՝ խմելու ջրի հասանելիության իրավունք: Սակայն այստեղ խախտվում է այդ իրավունքը: Մենք խնդրում ենք ՄԱԿ-ին ճնշում գործադրել ԱՄՆ-ի և Միչիգան նահանգի իշխանությունների վրա, որպեսզի նրանք սկսեն ինչ-որ բան անել Դետրոյթում այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է կանադական Blue Planet Project հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

 

Բողոքով նամակն արդեն ուղարկվել է անվտանգ խմելու ջրի հասանելիության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կատարինա դե Ալբուկերկեի անունով: