ԵՄ-ն կոչ է արել Ռուսաստանին` ազդել անջատողականների վրա

19:07 • 23.06.14

Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները կոչ են անում Ռուսաստանին` աջակցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագրին և կիրառել իր իշխանությունը` Ուկրաինայի արևելքում գործող անօրինական զինված կազմավորումների ներկայացուցիչների վրա ազդելու համար: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ Интерфакс-Украина-ին հղումով, այս մասին ասվում է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի ավարտին ներկայացված կոմյունիկեում:


Տվյալ կոմյունիկեում ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին` արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել զենքի և սարքավորումների, ինչպես նաև` զինյալների հոսքը դեպի Ուկրաինա դադարեցնելու համար, օգտագորել իր իշխանությունը՝ անջատողականների վրա ազդեցություն գործելու, որպեսզի վերջիններս վերջ դնեն բռնությանն ու հանձնեն իրենց զենքը:


Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանին ուղղված կոչի մասին՝ շարունակելու զորքերի նահանջը Ուկրաինայի հետ սահմանից և չեղարկելու Դաշնության խորհրդի՝ Ուկրաինայում զինուժի կիրառման մանդատը:


Եվրամիությունը կոչ է արել Մոսկվային` օգտագործել իր ազդեցությունը ԵԱՀԿ դիտորդներին և անջատողականների ձեռքում գտնվող մյուս պատանդներին ազատ արձակելու համար:


Հիշեցնենք, որ այսօր ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները նաև որոշում են կայացրել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու պատրաստակամության մասին, եթե Մոսկվան չաջակցի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագրին: