ԵՄ խորհուրդը հունիսի 23-ին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին որոշում չի ընդունի
ԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին որոշում չի կայացնի։ Այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանց Տիմերմանսը Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ այսօր չեն լինի»,- ասել է նա:
Ուրբաթ օրը եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունում աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում կայանալիք նիստին ԵՄ խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով «կքննարկի Ռուսաստանին Ղրիմի միանալը չճանաչելու ռազմավարությունը»: «Այդ ռազմավարությունը, մասնավորապես, «ներառում է առևտրային և տնտեսական բնույթի միջոցառումներ»,- հավելել էր նա:
«ԵՄ-ն իր շուկա կթողնի Ղրիմից միայն այն ապրանքները, որոնք կունենան ուկրաինական սերտիֆիկացում»,- ընդգծել էր աղբյուրը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանը, ապա այն կարող է ընդունվել միայն ԵՄ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, որոնցից ամենաառաջինը տեղի կունենա հունիսի 26-27-ին:
«ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների անցնելու հարցը միշտ եղել է Եվրամիության գագաթաժողովի իրավասություններում: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը շարունակում է այդ պատժամիջոցների փաթեթի պատրաստման աշխատանքը՝ գագաթաժողովի հանձնարարությամբ»,- ասել է եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունում աղբյուրը:










