Ճապոնացի նախարարն այցելել է Ֆուկուսիմա և ներողություն խնդրել բնակիչներից

11:46 • 23.06.14

Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Նոբուտերու Իսիհարան այցելել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրա՝ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում 3 տարի առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած բնակիչներից անձամբ ներողություն խնդրելու իր վիրավորական արտահայտությունների համար, հայտնում է РИА Новости-ն։

 

«Ես բոլորովին նկատի չունեի, որ փողը կարող է ամեն ինչ լուծել։ Ներողություն եմ խնդրում բնակիչներին տհաճ ապրումներ և անհանգստություն պատճառելու համար»,- ասել է նախարարն Օկումա գյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

 

Նախորդ շաբաթ նախարարը, մեկնաբանելով «Ֆուկուսիմա-1»-ի տարածքում ռադիոակտիվ աղբի ժամանակավոր պահեստների շինարարության մասին քննարկման արդյունքները, նշել էր, որ «վերջին հաշվով ամեն ինչ հիմնված է գումարի վրա»։ Դա առաջացրել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի իշխանությունների վրդովմունքը, ովքեր այն ընդունել են որպես վիրավորանք այն բնակիչների հասցեին, որոնք վթարի հետևանքով կորցրել են բնակության վայրը և կարողությունը։

 

Հինգշաբթի նախարարը հրապարակայնորեն ներողություն է խնդրել խորհրդարանում և բացատրել, որ նկատի չի ունեցել այն, որ գումարն է ամեն ինչ լուծում, սակայն ցանկացել է ընդգծել միայն, որ անհրաժեշտ է պատրաստել հիմնավորված բյուջե՝ հողերն օգտագործելու համար փոխհատուցում հատկացնելու նպատակով։