Հարավային Կորեայից փուչիկներով 300 կգ թխվածք են ուղարկել Հյուսիսային Կորեա
Հարավկորեական «Հյուսիսի և Հարավի պահպանողական միության» 200 ակտիվիստներ փուչիկների օգնությամբ Հյուսիսային Կորեա են ուղարկել 300 կգ հրուշակեղեն, գրում է comments.ua-ն։
Փուչիկներին ամրացված պարկերում եղել է մոտ 10.000 տուփ շոկոլադե թխվածք։ «Շոկոլադը վաղուց արդեն դարձել է թանկարժեք սնման աղբյուր Հյուսիսային Կորեայում, առանց չափազանցության, ավելի թանկարժեք, քան վայրի ժենշենը»,- հայտարարել է Հս. Կորեայից փախստականների իրավունքների պաշտպանության հարավկորեական միության նախագահը։
Նշվում է, որ այս քաղցրավենիքը որոշ ժամանակ ընդգրկված է եղել Քեսոն արդյունաբերական համալիրի աշխատողների ճաշացանկում։
Այս քաղցրավենիքի մեկ տուփն արժե մոտ 700 վոն՝ այն դեպքում, երբ հյուսիսկորեացի աշխատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը 3.000 վոն է։ Հետագայում այս հրուշակեղենի ներմուծումն արդյունաբերական համալիրի տարածք արգելվել է։











