«Միկա Ցեմենտի» աշխատակիցները կրկին բողոքի են դուրս եկել և պահանջում են իրենց աշխատավարձերը
Հրազդան քաղաքի «Միկա Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել են գործարանի դիմաց և պահանջում են իրենց մի քանի ամսվա աշխատավարձերը:
Գործարանի տեխնոլոգներից Հայկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի երիտասարդներով հավաքվել են գործարանի դարպասների մոտ և պահանջում են իրենց աշխատավարձերը:
«Գործարանի ղեկավարությունից մեզ մոտեցան և ասացին, որ մինչև ժամը 12-ը մեր փողերը կփոխանցեն»,- ասաց «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատակիցը՝ շարունակելով. «Կսպասենք մինչև ժամը 12-ը: Յոթ ամիս սպասել ենք, երկու ժամ էլ կսպասենք: Եթե մեր գումարները չփոխանցեն՝ դրանից հետո մեր հետագա քայլերը կպլանավորենք»:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ևս գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացրել՝ իրենց աշխատավարձերը ստանալու պահանջով:










