ԵՄ-ի խորհուրդը հաստատել է, որ Ուկրաինա ոստիկանական առաքելություն կուղարկվի. Լիտվայի ԱԳ նախարար
ԵՄ խորհուրդը հաստատել է երկու տարի ժամկետով ոստիկանական առաքելության ուղարկումն Ուկրաինա։ Այդ մասին ռուս լրագրողներին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Լյուքսեմբուրգում ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Այսօր քաղաքական որոշում է կայացվել, որ առաքելությունը կուղարկվի 2 տարով: Առաքելության ձևավորումը կսկսվի անմիջապես, այն կմեկնի մոտակա ժամանակներում: Դրա խնդիրը կդառնա Ուկրաինայի ներքին գործերի և հատուկ ծառայությունների համակարգի բարեփոխումներին նպաստելը»,- ասել է նա:
Դեռ ապրիլին ԵՄ խորհուրդը քննարկել էր ուկրաինական հատուկ ծառայությունների համար հրահանգիչների առաքելության հնարավոր ստեղծման հարցը: Նախաձեռնությունն առաջ էին քաշել Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Լեհաստանը։










