Հայաստանը վարում է իր պատմությանը համապատասխան դիվանագիտություն. Անրի Ռենոն՝ «և, և»-ի մասին

13:29 • 23.06.14

Դատելով աշխարհում գրաված իր դիրքից` երկու աշխարհների միջանկյալ տարածքում տեղակայված Հայաստանին երևի թե կարելի է վերագրել, որ այն վարում է այն դիվանագիտությունը, որը համապատասխան է իր պատմությանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ «Երևանի եվրասիական ընտրությունը և Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով հասարակական-քաղաքական քննարկմանը:

«Ինչ վերաբերում է աշխարհագրությանն ու պատմությանը, ինձ թվում է` դրան բոլորը քաջ տեղյակ են։ Այս համատեքստում Հայաստանի ռազմավարությունը երկու նպատակ ունի. առաջին՝ ապահովել պետության և ազգի անվտանգությունը, և երկրորդ՝ ապահովել երկրի ժողովրդավարական, տնտեսական զարգացումը»,-նշեց Անրի Ռենոն:

Սա էր, որ, դեսպանի խոսքով, մղեց ՀՀ իշխանություններին՝ կայացնելու երկու որոշում՝ ԵՏՄ անդամակցումը և ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու, խորացնելու որոշումը։

«Այս կրկնակի որոշումը, գոնե ես այդպես եմ ընկալում, ներդրվում է Հայաստանի որդեգրած դիվանագիտության մեջ»,-ավելացրեց նա:

Նրա խոսքով՝ այս քայլերը բազմիցս հաստատվել են թե՛ նախկին ղեկավարության, թե՛ ներկայիս կառավարության ղեկավարի մոտեցմամբ: Այն է՝ «և, և», այլ ոչ թե «կամ, կամ»:

Ըստ նրա՝ Ֆրանսիայի կառավարության վերաբերմունքը լավագույնս արտահայտվել է Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրած ուղերձներից մեկում, որ Հայաստանի համար պետք է լինի դիֆերենցված մոտեցում:

«Եվ նա հորդորեց գտնել մի բանաձև, կոչ արեց գտնել մի բանաձև, որը հնարավորություն պիտի ընձեռեր ասոցացվելու, կրկնում եմ՝ ասոցացվելու ԵՄ-ին»,-նշեց Անրի Ռենոն:

Դեսպանը դա բացատրեց նրանով, որ Հայաստանը խորապես եվրոպական է իր մշակույթով, որդեգրած արժեհամակարգով, իր ժողովրդի կամքով, կամք, որը դեսպանի խոսքով՝ Հայաստանն անընդմեջ ի ցույց է դնում. «Որպեսզի Հայաստանը կարողանա լավագույնս գործել ի նպաստ երկրի, որպեսզի կարողանալ համատեղել և դիրքորոշում զբաղեցնել մի կողմից Եվրոպական միություն, մյուս կողմից՝ ՌԴ տիրույթում, որը ԵՏՄ առաջատար դերակատարներից մեկն է»:

Ֆրանսիացի դիվանագետը նկատեց, որ երևի թե ուկրաինական թնջուկը հաշվի առնելով՝ Հայաստանին ոչ մեկ չի հարցնում՝ Հայաստանը ԵՄ՞ է ուզում, ուզում, թե՞ Ռուսաստան, որովհետև ո՛չ Երևանում, ո՛չ Եվրոպական կենտրոնակայանում այս թեմայով խոսակցությունը օրակարգում չկա:

«Ինչու, որովհետև այսօր այս առումով մայրցամաքային քաղաքականության շրջանակներում է, որ ցանկանում են անդրադառնալ այս թեմային: Իսկ այսօր արդեն շրջանառվում է նաև այսպիսի միտք՝ ընդգրկուն տնտեսական գոտու ստեղծում, որն իր մեջ ներառում է Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս հատվածը»,-ավելացրեց դեսպանը: Նա բոլորովին վերջերս լսել է նման միտք, որն արտաբերվել է եվրոպական զարգացած երկրներից մեկի գերագույն ղեկավարի մակարդակով: Ըստ Անրի Ռենոյի՝ սա որոշ իմաստով նոր տեսլական է, նոր հեռանկար:

Դեսպանի ամփոփմամբ՝ այսպիսով Հայաստանն առճակատվում է նոր խնդրի, որ իսկապես իր ուժերից վեր խնդիր է, բայց խնդիր է, որում Հայաստանը լիովին մասնակից է լինում և խնդիր, որում Հայաստանը լիովին կարող է իր օժանդակությունն ունենալ:

Նաև Անրի Ռենոն համոզված է, որ այժմ Երևանի աշխատանքերը մեծապես պիտի օժանդակեն այս հեռանկարի բնական զարգացումներին:

Նշենք, որ քննարկմանը հրավիրված էին նաև «Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և ՀՀԿ ներկայացուցիչը, որը, չնայած պայմանավորվածությանը, չէր եկել: