Հայաստանի համար «և, և»-ն ընդունելի է, բայց ոչ կիրառելի. Մ. Մովսիսյանն ու Վ. Հարությունյանը հակադարձեցին Ռենոյին

14:25 • 23.06.14

Հայաստանի համար «և, և»-ը ընդունելի, բայց անիրագործելի տարբերակ է: Այս ձևակերպմամբ «Ա1պլյուս» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանն ու «Ազատություն» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակադարձեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ըստ էության, հայտարարեց, որ այս քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից:


«Եվ, և»-ի հնարավորություն Հայաստանը չունի, որովհետև մենք ունենք շատ կոշտ պուտինյան քաղաքականություն և ունենք ռևերանսներով լի եվրոպական քաղաքականություն»,- հայտարարեց Մեսրոպ Մովսիսյանը:

 


Նա նկատեց, որ շահ ստանալու խնդիրը միշտ էլ պետք է առաջնային լինի Հայաստանի համար. «Ի՞նչ կստանանք մենք գնալով դեպի Եվրոպա. չենք ունենա Ռուսաստան և չենք ունենա զարգացման այն հեռանկարը, որն իր բնական և ֆինանսական ռեսուրսներով կարող է օգնել Ռուսաստանին: Մի քիչ դժվար է Ռուսաստանի համար, ես հասկանում եմ, բայց.. Իսկ ի՞նչ կլինի, եթե գնանք դեպի Ռուսաստան. մենք թաղվելու են այն պրոբլեմների մեջ, որոնց մեջ մինչև այսօր թաղված են միջինասիական բոլոր երկրները: Եվ թաղված է հենց ինքը՝ Ռուսաստանը, որը մեծ սիրով պատրաստ է իր բոլոր պրոբլեմները փաթաթել մեր վզին»:


Եթե գնանք դեպի Ռուսաստան, ըստ նրա, միանշանակ կկորցնենք Ղարաբաղն ու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարևանության բոլոր հնարավորությունները: «Եվ ինչպես միշտ կդառնանք այն խաղաքարտը, որը դարերով եղել է Հայաստանը»,- ասաց նա:


Նա ևս համաձայնեց այն տեսակետի հետ, որ հուլիսի 3-ին Հայաստանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի ԵՏՄ մտնելու վերաբերյալ, որովհետև հիմա ՌԴ-ն ունենալով ուկրաինական խնդիր՝ կերկարաձգի ցանկացած խնդրի լուծման ժամկետները:


Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, Հայաստանը դեռ ժամանակ ունի՝ մեկ անգամ ևս այս հարցերի շուրջ մտորելու:


Վարդան Հարությունյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները հեռու են Եվրոպայից, դրա համար ընտրում են այն, ինչն իրենց թելադրում է Ռուսաստանը:


«Պարոն դեսպանը շատ հստակ, ավելի հստակ, քան Սերժ Սարգսյանը կասեր, ներկայացրեց, թե ինչու ենք մենք ընտրել եվրասիական ուղին: Չի կարելի ընտրել «կամ,կամ» , որովհետև լինել մի երկրի հետ, որն իր գործելաոճով լրիվ դեմ է եվրոպական արժեքներին, և համագործակցել Եվրոպայի հետ, անհնար է: Ռուսաստանի կողմից դրված է« կամ,կամ»-ի խնդիր, և միամտություն է կարծել, թե մենք կընտրենք նաև եվրոպական ուղին: Չնայած մեր իշխանություննեը փակում են եվրոպական դուռը, բայց մեր ժողովուրդը կբացի այն կամ պատուհանից կմտնի»,- հավելեց նա: