Շոտլանդիայի թագավորական բանկը սպասարկել է Ուսամա բեն Լադենի ընտանիքի հաշիվները. ԶԼՄ-ներ
Շոտլանդիայի թագավորական բանկը սպասարկել է աշխարհում թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենի ընտանիքի հաշիվները: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի իրավապահ մարմիններին, գրում է ИТАР-ТАСС-ը:
Թերթի տեղեկություններով՝ Գերմանիայի մաքսային ծառայությունը դեռևս անցած տարի առգրավել է Շոտլանդիայի թագավորական բանկի նախկին ստորաբաժանման փաստաթղթերով երկու կոնտեյներ: Ստացված տվյալները մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ ֆինանսական կազմակերպության հաճախորդների թվում են եղել Բեն Լադենի ընտանիքի անդամները:
Շոտլանդիայի թագավորական բանկը շտապել է հերքել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը: «Մենք երբեք չենք զբաղվել Ուսամա բեն Լադենի ֆինանսներով, ինչպես և երբեք չենք աշխատել նրա բարեկամների հետ»,- ասված է ֆինանսական կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ հայտնի է նաև, որ ահաբեկչի բարեկամների թվում կան և հարգված գործարարներ: Նրանցից մեկը Սաուդյան Արաբիայում խոշոր շինարարական ընկերության՝ Saudi Binladen Group-ի սեփականատերն է:










