Սնոուդենը փաստաթղթեր կներկայացնի ՌԴ-ում գտնվելու ժամկետը երկարաձգելու համար

17:03 • 23.06.14

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստվում է փաստաթղթեր ներկայացնել ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը երկարաձգելու համար, հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ փաստաբան Անատոլի Կուչերենային հղումով։

 

«Այս պահին Ռուսաստանի գործող օրենսդրությանը համապատասխան հավաքվում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետի երկարաձգման համար»,-ասել է Կուչերենան։

 

Փաստաբանը դժվարացել է պատասխանել հարցին, թե դիմումը ներկայացվելու է ապաստան տրամադրելո՞ւ, թե՞ բնակության իրավունք ստանալու համար։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կայացնելու է Սնոուդենն ինքը։

 

Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետն ավարտվում է օգոստոսի 1-ին։ Ավելի վաղ ԿՀՎ նախկին աշխատակիցը հայտարարել էր, թե հույս ունի, որ ՌԴ-ում գտնվելու ժամկետը կերկարաձգվի։