Ռուսական գործոնին հակազդելու համար պետք է ուժեղացնել եվրոպական վեկտորը, բայց քաղաքական ուժերին դա չի հետաքրքրում. հրապարակախոս

13:55 • 23.06.14

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ Հայաստանը կշարունակի նույն անորոշ վիճակում մնալ առաջիկա երկու տարիների ընթացքում։ 

«Այլընտրանքային ուղղություն առաջիկա երկու տարիներին ՀՀ-ի համար չի կարող լինել, քանի որ տնտեսական ու քաղաքական բաղադրիչը ուժեղացնելու հեռանկարներ չկան»,-ասաց նա այսօր Երևանի մամուլի ակումբի կողմից կազմակերպված «Հայաստանը և Եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի՞ արդյոք այլընտրանքային քաղաքական օրակարգ» թեմայով կլոր սեղանի քննարկման ժամանակ, որն ընթանում էր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հիմնական այլընտրանքը պետք է ստեղծել՝ ուժեղացնելով եվրոպական վեկտորը, որպեսզի փոքր-ինչ հակազդի ռուսական գործոնին։

«Հանրությունը պետք է եվրոպական վեկտորն ուժեղացնի, կարծում եմ՝ դա լավագույն ծրագիրն է, որը կարող է Հայաստանին այս խարխափող վիճակում առաջ տանել»,-նշեց նա և հավելեց, թե իրենք հենց այդ ճանապարհով էլ փորձել են վերացնել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, սակայն դեռևս ապարդյուն։

«Պետք է ժողովրդավարական գործիքները կիրառել, նախատեսվեց նման գործիքի ստեղծում, որտեղ ներգրավվեցին հրապարակախոսներ, փորձագետներ, մարդու իրավունքների պաշտպաններ, և քանի որ քաղաքական բաղադրիչը բավական թույլ էր՝ դրա համար փորձ արվեց ներառել քաղաքական կուսակցություններին»,-ասաց նա և նշեց, թե չստացվեց, քանի որ նույն քաղաքական կուսակցություններին բացի առաջիկա համապետական ընտրություններին, թե ինչքան մանդատ կարող են ստանալ, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։

«Ինչու չստացվեց, քանի որ դիտարկելով քաղաքական դաշտը՝ տեսնում եմ շատ կարևոր գործընթաց, կուսակցությունները երիտասարդացման ճանապարհով են գնում։ Նրանք անմիջականորեն զբաղված են իրենց երիտասարդացման գործընթացով։ Սակայն նրանց չի էլ հետաքրքրում՝ ինչ վեկտորի ուղղություն կլինի, ինչ ընտրություն կկատարվի, բոլորի մտահոգություն է՝ ով քանի մանդատ կունենա»,-նշեց նա և հավելեց, թե հարցը դարձյալ մնաց հանրային սեկտորի վրա, որտեղ էլ, սակայն, փորձում են սկսել մշակութային դիրքերից, բայց քանի որ տնտեսական ու քաղաքական բաղադրիչները թույլ են, չի ստացվում։