Ջոն Հեֆերնն ու Արմեն Մուրադյանը բարձր են գնահատել Առողջապահության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը

15:45 • 24.06.14

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այսօր հանդիպելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագիրը, որի շրջանակում առողջության առաջնային օղակում շարունակվում է բարեփոխումների իրականացումը, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: 

Այս մասին հաղորդում է ԱՆ կայքը:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի առողջապահության համակարգին ցուցաբերած աջակցության և երկարամյա համագործակցության համար:

«Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Նախարարը նաև կարևորել է այն հայ բժիշկների դերը, ովքեր ապրում և ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում և մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նրանց մշտական կապը հայրենիքի գործընկերների հետ:

Արմեն Մուրադյանին շնորհավորելով պաշտոնավարման առթիվ` Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մշտապես սերտորեն և արդյունավետ է աշխատել ՀՀ առողջապահության նախարարության թիմի հետ: 

«Հայաստանում գտնվելուս ընթացքում մենք բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել, որոնց շուրջ ծավալվել է երկկողմ համագործակցություն: Առաջիկայում առողջապահական ծրագրերը կունենան նաև ստեղծարար մոտեցումներ»,- կարծիք է հայտնել Հեֆերնը:

Առողջապահության նախարարությունը սերտ և շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների և անհատների հետ: