Հալեպում դիպուկահարի գնդակից հայ է վիրավորվել

08:58 • 24.06.14

Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ դիպուկահարի գնդակից վիրավորվել է ազգությամբ հայ Հակոբ Փայասյանը։


Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ռամուսեի շրջանում։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։


Հիշեցնենք, որ վերջին օրերին Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծության թիրախում էր հայտնվել։


Վերջին օրերին քաղաքում իրավիճակը համեմատաբար հանդարտվել էր, սակայն դարձյալ ջրի սղություն կա, և խմելու ջուր գտնելը քաղաքի բնակիչներին դարձյալ փաստի առաջ է կանգնեցրել:


Հալեպի բնակիչներն օգտագործում են եկեղեցիների, դպրոցների, մզկիթների բակերում փորված հորերից դուրս բերվող ջուրը, ինչը, սակայն, խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով:


Խմելու համար ոչ պիտանի ջրի օգտագործման հետևանքով թունավորումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: