Հայաստանի և Հնդկաստանի միջև կստեղծվի հեռաբժշկության ցանց. հնդկական կողմը կներդնի ավելի քան 500.000 ԱՄՆ դոլար

15:30 • 24.06.14

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն այսօր ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր: 

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Նշվում է, որ դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական փոխադարձ խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը:

Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի, և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաև հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է, որ ստորագրված հուշագրի շրջանակներում նշված աշխատանքներն իրականացնելու համար Հնդկաստանը կներդնի շուրջ 530.250 ԱՄՆ դոլար:

Հուշագրի ստորագրման արարողությունից անմիջապես հետո Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարը: