Ավստրիան թույլ է տվել «Հարավային հոսքը». «Գազպրոմի» հետ պայմանագիրը ստորագրվել է
«Գազպրոմ» ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը և ավստրիական OMV ընկերության գլխավոր տնօրեն Գերհարդ Ռոյսն այսօր Վիեննայում South Stream Austria համատեղ նախագծային ընկերության մասին համաձայնագիր են ստորագրել, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությանը:
«Համաձայնագիրը նախատեսում է Հունգարիայի հետ սահմանից մինչև Բաումգարտեն տարեկան 30-32 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ «Հարավային հոսք» գազամուղի ավստրիական հատվածի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ կողմերի համագործակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ կողմերը պատրաստվում են «Հարավային հոսքը» կառուցելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները ստանալ մինչև 2015 թվականի ավարտ: Իր հերթին՝ գազամուղի ավստրիական հատվածի գործարկումը նախատեսվում է 2016 թվականի վերջին:
Ավելի վաղ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել էր, որ Եվրամիությունն ընդունում է «Հարավային հոսք» նախագիծը, իսկ դրա հետ առաջացած խնդիրները հաղթահարելի են:










