Լրագրողը բացահայտել է Հիլարի Քլինթոնի ուշագնացության պատճառը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առողջական վիճակն ավելի խնդրահարույց է, քան ընդունված է կարծել. պնդում է «Արյունալի թշնամանք. Քլինթոնների զույգն ընդդեմ Օբամաների» գրքի հեղինակ, New York Times Magazin-ի նախկին խմբագիր Էդվարդ Քլայնը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը,ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարվում է իշխող Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն 2016թ.-ի նախագահական ընտրություններում։
Սակայն այս տարի լրանալու է նրա 67-ամյակը, և նրա առողջությունը կասկածների տեղիք է տալիս, գրում է Քլայնը։
Իր նոր գրքում նա պնդում է, որ 2013թ.-ի վերջին Քլինթոնն ուշաթափվել էր ոչ թե իր տանը, ինչպես հայտարարվել էր մամուլում, այլ իր աշխատասենյակում՝ ԱՄՆ պետքարտուղարության շենքի 7-րդ հարկում։
Նրան, իրոք, նախ տուն են տարել, սակայն հետո, ամուսնու պնդմամբ, տեղափոխել են հիվանդանոց։ Այնտեղ նրան ախտորոշել են թրոմբ՝ աջ ականջի ետևում գտնվող անոթներից մեկում։
Քլայնի խոսքով՝ բժիշկները բացատրել են, որ արյունը հավաքվում է ինքնաթիռներում երկար ժամանակ անցկացնելու հետևանքով, իսկ Հիլարին անթիվ ժամեր է անցկացնում ինքնաթիռում՝ ճանապարհորդելով ողջ աշխարհում։
«Իրավիճակը սրվել էր, երբ պարզվել էր, որ Հիլարին արյան թրոմբների և ուշագնացությունների բնածին հակում ունի»,- շարունակում է հեղինակը։
Նրա պնդմամբ՝ Նյու Յորքի հիվանդանոցից դուրս գրելուց առաջ նրա ամուսնուն զգուշացրել են, որ ողջ կյանքում պետք է խստորեն հետևի առողջությանը։










