Քուրտ Քոբեյնի դուստրը քննադատել է Լանա Դել Ռեյի՝ երիտասարդ մահանալու ցանկությունը

11:00 • 24.06.14

Ֆրենսիս Բին Քոբեյնը՝ ամերիկյան Nirvana խմբի նախկին անդամ Քուրտ Քոբեյնի դուստրը, Twitter-ի իր միկրոբլոգում քննադատել է ամերիկյան երգչուհի Լանա Դել Ռեյի՝ երիտասարդ մահանալու ցանկությունը, գրում է РИА Новости-ն։

 

Բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում Դել Ռեյը, ում ԶԼՄ-ներն անվանում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի սիրելի երգչուհին, խոստովանել է, որ կցանկանար երիտասարդ մահանալ, ինչպես Քուրտ Քոբեյնը կամ Էմի Ուայնհաուսը։ «Ես կցանկանայի արդեն մահացած լինել»,- ասել է երգչուհին։

 

Այդ խոստովանություններն առաջացրել են Քոբեյնի դստեր զգացմունքային արձագանքը, ով մի քանի հաղորդագրություններով պատասխանել է Լանային։


«Չի կարելի ռոմանտիկացնել երիտասարդ երաժշտի մահը։ Ես չեմ ճանաչել իմ հայրիկին, քանի որ նա երիտասարդ է մահացել, և դա դառնում է ցանկալի հերոսություն, քանի որ այնպիսի մարդիկ, ինչպես դու ես, մտածում են, թե դա «զիլ» է։ Վայելի՛ր կյանքը, քանի որ դու միայն մեկ կյանք ունես»,- գրել է Ֆրենսիս Բինը։

 

Նրա խոսքով՝ իր հայրը, Էմի Ուայնհաուսը և նրանց նմանները միակ կյանքը դատարկ վատնել են։ «Մի՛ եղիր այդպիսին։ Դու չափազանց տաղանդավոր ես, որպեսզի վատնես այն»,- դիմել է նա Դել Ռեյին։

 

Քոբեյնն ինքնասպան է եղել 1994թվականին։ Նա 27 տարեկան էր։