ԴԱՀԿ-ում չի կազմվում վիճակագրություն այն մասին, թե քանի վարորդի բանկային հաշվի վրա է կալանք դրվել

19:47 • 24.06.14

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը չի առանձնացնում այնպիսի տեղեկատվություն, թե քանի վարորդի բանկային հաշվի վրա է կալանք դրվել 2014թ-ի ընթացքում՝ տուգանքը չվճարելու համար:


Ինչպես Tert.am-ի հարցմանը գրավոր պատասխանեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը՝ ծառայությունն իր գործունեության ընթացքում կայացնում է տարաբնույթ որոշումներ, դրանցից մեկն էլ «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշումն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ տրված կատարողական թերթի (անբողոքարկելի վարչական ակտի) հիման վրա:


«Իսկ համապատասխան կատարողական վարույթով պարտապանի՝ վարորդ հանդիսանալու փաստը պարզելը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության լիազորությունների մեջ ներառված չէ»-նշել է նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը անդրադարձել էր այն խնդրին, որ մի շարք վարորդներ երթևեկության կանոնները խախտելուց հետո ճանապարհային ոստիկանությունից ծանուցում չեն ստացել, փոխարենը՝ ամիսներ անց տեղեկացել են, որ ԴԱՀԿ-ն սառեցրել է իրենց բանկային հաշիվները: Խնդրին անդրադարձել էին նաև հանրության շրջանում ճանաչում ունեցող անձիք՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, շոումեն Գարիկ Պապոյանը, երգիչ Նարեկ Բավեյանը: