ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի հետաձգումն ընդամենը տեխնիկական հարց է. քաղաքագետներ
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը հետաձգելը տեխնիկական հարց է և ընդամենը՝ ժամկետների խնդիր: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեցին քաղաքագետներ Լևոն Շիրինյանը և Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայաստանը խիստ անհրաժեշտ է Եվրասիական համագործակցության մեջ՝ Նազարբաևի պանթյուրքիստական նկրտումները չեզոքացնելու և հավասարակշռությունը պահպանելու համար: Այդ իմաստով Հայաստանը Ռուսաստանի համար անփոխարինելի գործընկեր է: Սա մի փաստարկ է, որը շատ ավելին է, քան կարող է թվալ»,-ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն այս պահին զբաղված է Ուկրաինայի հարցով, «շատ է խրված»:
«Ով ինչպես ուզում է՝ մեկնաբանի այս հարցը, միևնույն է, քանի որ այն արդեն վերաբերում է Պուտինի պատվին. նախագծի հեղինակն ինքն է, հրավիրողն ինքն է: Այնպես որ՝ այս հարցում իրարանցումն ավելորդ է»,-կարծիք հայտնեց քաղաքագետը՝ շարունակելով, թե ռուսներն այս պահին ավելի շատ զբաղված են ուկրաինական խնդիրներով. «Իրենք Ուկրաինայում իրենց նպատակին հասնում են և զբաղված են այդ հարցերով: Սա ձեռքի հետ լինող հարց է»:
Լևոն Շիրինյանի փոխանցմամբ՝ ավելի ճիշտ կլինի, որ մենք ավելի շատ քննարկենք այն հարցերը, թե այդ միությունից տնտեսական ինչ օգուտ կստանանք:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ էլ՝ հնարավոր է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված դժվարություններ լինեն, բայց եթե անգամ հետաձգվի էլ, ապա խոսքը կարող է վերաբերել ընդամենը՝ օրերի, այլ ոչ՝ անորոշ ժամկետների:
«Իրականությունն այն է, որ քաղաքական և տնտեսական մակարդակով բոլոր խնդիրները լուծված են, և ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ ԵՏՄ հիմնադիր-անդամ երկրների ղեկավարները ամենաբարձր մակարդակով վստահեցնում են, որ գործընթացն ավարտական փուլում է»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ այս իրավիճակում որևէ լուրջ տարբերություն չկա, թե այդ գործընթացը տեղի կունենա հուլիսի 1-ի՞ն, թե՞ հուլիսի 3-ին, կարևորն այն է, որ գործընթացը շարունակական է:
«Այն խնդիրները, որոնց մասին խոսվում է պետական և փորձագիտական մակարդակով, իսկապես կարող են պատճառ դառնալ պայմանագրի ստորագրման հետաձգման համար: Բայց կրկնում եմ՝ խոսքը օրերի է վերաբերվում, ո´չ թե լուրջ ժամկետների: Այս պահի դրությամբ որևէ քաղաքական խոչընդոտ ես չեմ տեսնում»,-եզրափակեց քաղաքագետը:
Նշենք, որ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում կարծիք էր հայտնել, թե հուլիսի 1-ին չի ստորագրվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթը:










