Հուլիսի 1-ին Հայաստանը չի ստորագրի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը. Ալեքսանդր Իսկանդարյան

13:44 • 24.06.14

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում ոչ մի աշխարհաքաղաքական զարգացում էլ տեղի չի ունենում, բայց մի կողմից էլ իրաքյան իրադարձությունները, մյուս կողմից սիրիական դեպքերը, որին խառնված է Թուրքիան, մյուս կողմից էլ Իրանի հետ կապված զարգացումները խոշոր հաշվով չեն կարող ազդեցություն չունենալ մեր տարածաշրջանի վրա:

«Իրականում հայկական կողմն այս պահին ճանապարհային քարտեզ է մշակում, կամ այլ կերպ ասած՝ իրավական փաստաթղթեր է պատրաստում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար,- ասաց քաղաքագետը, սակայն նշեց, որ կասկածում է, որ հուլիսի 1-ին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը, քանի որ կան տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ՝ ԵՏՄ հիմնադիր երկրների միջև։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլային դիվանագիտության ձախողումը պայմանավորված էր Թուրքիա պետությունով, դա թուրքական ներքին քաղաքական խնդիրների հետևանքն է:

Անդրադառնալով այս օրերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին, Իսկանդարյանն ասաց, թե հայ և ռուս էլիտայի միջև միշտ էլ խոսելու բան կա, բայց այս այցը հերթական, սովորական այց էր:

«Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը սիամական երկվորյակներ կարծես լինեն: Եթե նրանք վերցնում են Հայաստանին, պիտի վերցնեն նաև Ադրբեջանին՝ հավասարակշռությունը պահպանելու համար: Ադրբեջանը շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար»,-ասաց քաղաքագետը: