Պուտինին Իրաքի ճգնաժամի մեջ մեղադրելու համար Forbes-ը քննադատել է Գարի Կասպարովին

15:43 • 24.06.14

Ամերիկյան Forbes գործարար ամսագիրն արժանին է մատուցում Գարի Կասպարովի շախմատային տաղանդին ու խելքին, սակայն ցավով նշում է, որ երբ խոսքը քաղաքականության մասին է, Կասպարովը ցուցադրում է իր ողջ ոչ կոմպետենտությունը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Մասնավորապես, Կասպարովի անձնական ատելությունը Պուտինի հանդեպ այնքան բուռն է, որ նա բավական հեռուն է գնում մեղադրանքներում։ Վերջին օրինակը Գարի Կասպարովի վերջին պնդումներն են այն մասին, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից Իրաքի հյուսիսը գրավելու հարցում մեղավորը Վլադիմիր Պուտինն է»,- գրել է ամսագիրը։


Պարբերականը նշում է, որ պետք է պայքարել նման բաների դեմ, քանի որ նման մոտեցումները կարող են ողբերգությամբ ավարտվել։

 

«Եթե Դուք նրան կարող եք մեղադրել դրանում, ապա դա կանեք բոլոր հարցերում։ Քաղաքական անկայունություն Թաիլանդո՞ւմ, Պուտի՛նն է մեղավոր։ Ակտիվիստների ճնշում Եգիպտոսո՞ւմ՝ դարձյա՛լ Պուտինն է։ Լարվածության աճ Արևելաչինական ծովո՞ւմ՝ հաստա՛տ Պուտինն է մեղավոր»,-գրում է պարբերականը։