Քերին ժամանել է իրաքյան Քուրդիստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է իրաքյան Քուրդիստան, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ Քերին կհանդիպի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ և կքննարկի երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
Ավելի վաղ Քերին այցելել է Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ:
Կահիրեում մամուլի ասուլիսի ժամանակ Ջոն Քերին հայտարարել էր, որ Իրաքի տարածքում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները «վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար»:
Հունիսի սկզբից գրոհայինները վերահսկողության տակ են առել Իրաքի հյուսիսում Նայնավա շրջանը: Ավելի ուշ նրանք գրավել են Մոսուլ քաղաքը՝ այդ շրջանի վարչական կենտրոնը: Դրանից հետո իսլամիստները պատրաստվում էին գրոհել Բաղդադը:










