Իսպանական Նավարրայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի հյուսիսում գտնվող Նավարրա ինքնավար համայնքի խորհրդարանը հունիսի 23-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչը տեղի է ունեցել «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության ակտիվ ջանքերի շնորհիվ։
Ինչպես տեղեկացնում է eufoa.org կայքը, խորհրդարանականները նշել են, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կրած տառապանքները ոչ այլ ինչ են, քան իսկական ցեղասպանություն։
Այս կապակցությամբ օրենսդիրները հռչակագիր են ներկայացրել, որում քննադատվում է այն ժամանակվա թուրքական ռեժիմի վարած քաղաքականությունն ու կոչ է արվում այդ երկրի այժմյան իշխանություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ինչպես նաև խաղաղ ձևով լուծել սահմանային վեճերը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրոպական Միությանն անդամակցելու համար Թուրքիան անհապաղ պետք է անդրադառանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման խնդիրներին։
Այսպիսով, Նավարրան Կատալոնիայից, Բասկերի երկրից ու Բալեարյան կղզիներից հետո դարձավ իսպանական 4-րդ շրջանը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Այս առիթով Tert.am–ը զրուցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոայի հետ, ով դրական է վերաբերվում Եվրոպական ազատ դաշինքի և Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Ժողովրդավարական կուսակցության միջև համագործակցության հեռանկարներին:
Անդրադառնալով Ցեղասպանությունը դատապարտող բանաձևին՝ Լորենցո Օչոան, նախևառաջ, ընդգծեց իրենց կազմակերպության դերը այդ գործում:
«Դա «Հայաստանի եվրոպացի բարեկամների» աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև տարբեր հանձնաժողովների և խորհրդարանականների: Իմ կարծիքով՝ սա բավականին դրական արդյունք է: Ինչ վերաբերում է հռչակագրին, ապա այն պարունակում է մի քանի հետաքրքիր կետեր: Այն, նախևառաջ, հիշեցնում է ողբերգական տարելիցի մասին, սակայն անհրաժեշտություն կա նաև չմոռանալ նման տխուր իրադարձությունը: Այդ հռչակագրում խորհրդարանականները արտահայտեցին իրենց կարեկցանքը հայերին, ինչպես նաև աջակցությունը հայ ժողովրդի ջանքերին: Ուստիև, այս հայտարարությունը, հռչակագիրը շատ կարևոր է»,– նշեց նա:
««Հայաստանի եվրոպացի բարեկամների» գործն է սերտացնել հարաբերությունները աշխարհի այս մասով հետաքրքրված անձանց և Եվրոպայով հետաքրքրված հայերի միջև: Համագործակցությունն ընթանում է բավականին լավ, և ես ակնկալում եմ, որ այն կխորանա և կընդլայնվի: Ինչքանով ես եմ հասկանում՝ այս հարցը պետք է տաք նաև որոշում կայացնողներին՝ Եվրոպական ազատ դաշինքին և Արցախի ժողովրդավարական կուսակցությանը: Դա է իմ կարծիքը»,– ասաց Լորենցո Օչոան:
Հռչակագիրն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։










